Requiem
Կեանքը կողոսկրերով վեր կհոսի
Մինչ ցեխի մեջ
Քարշ կտամ ոտքերս:
Իմ թեւերըս թիերդ են,Հայր,
Ու ճախրանքս երկինք
Նավարկումդ է հատակ:
Հորիզոնը ոտքերիս հպումն է հողին.
Արձակել եմ երակներս.
Դրախտիդ գետերը
Սրտիս ավազանն են հոսում
Ե՛ս եմ նավը, նավարկումն ու ջուրը.
Զի անծայր գիշեր էր.
Արարեցիր ինծի:
Ես մենակ էի,Հայր.
Կողոսկրերիս միջև
Ո՞վ էր արտաշնչում:
-Հայրըդ ի՞նչ է պահում մեզնից
Հայր, ես մեռնում եմ
Կոնքերիս ցավից
Իմ փարատված մենությունը
Մեղքի բեռին արժե՞ր..:
Որդիս որդուս սպանեց,
Որդիդ սպանեց որդուդ…
…ու ամեն մարդ մեղքի բեռ կունենա.
Ու մեղքը կոնքերով
Վեր կըհոսի:
-Ինձ սապատ պետք չէ, Հայր:
Թեւերովս թիավարիր.
Երակներիս ափին կանգ առ.
Աստղեր են,լսու՞մ ես..
-Հնգեակ զգայարանօքս, վեցեկի շարժմամբըս:
Կոնքերից վար
Ոտքուգետին հորիզոնից
Քիչ մը վերև
Բաբելոնն է.
Այնտեղ մարդիկ
Միշտ էլ
Տաճարիդ քարերով
Աշտարակ են շինում:
Այդ օրերին
Սրտիս վերայ
Անձրև տեղաց.
Իմ ցամաքը հսկա զարկերակ էր.
Ու արյունըս ծաղկեց,
Ու գիշերըս ձիթենու ու
Անձրևի հոտ ուներ…
Ու վարսերս ողկույզներդ էին,
Ու մարմինս հսկա դաշտ էր
Իմ աչքերիս ծիածանը
՛՛Կարոտ՛՛ անունը կկրի.
Իմ մարմինս Տիեզերքի նման
Հավաք է կորերի:
Ինչպե՞ս ճամփա ընկնեմ, Աստվա՛ծ.
Ափերումըս պողպատն է շողշողում,
Շուրջըս՝ զավակիս աչքերը.
Մեզնից ո՞վ է զոհը…
Իսահա՛կ,արյո՛ւնըս, տղա՛ս.
Ինձ ոտքերըս վար կտանեն,
Ու մենք դեպի վեր կհոսենք,
Հոգ մի արա,տղա՛ս.
Բան չմնաց. մացառներն էլ անցնենք…
-Է՜լի, Է՜լի,լա՞մա սաբաքթանի:
Որդի՛ս, լո՛ւռըս, Իսահա՜կըս.
Գառնուկին մի խղճա.
Կեանքը նահատակը կը ճանաչէ:
Ավետյաց երկիրը
Մարմինն է քո սիրելիի.
Ճանապարհին չորություն կա ու շոգ,
Մանանա ու քարից բխող ջրեր
-Մի՛ երևար մեզ, Տէ՛ր,
Վախենում ենք…
Մենք կուռքեր կձուլենք,
Մինչև հաց կտաս մեզ.
Զի Հօր մոտ գնում ենք,
Երբ սով ունենք.
Մի՛ երևար մեզ, Տէր…
Ավետյաց երկիրը
Մարմինն է իմ սիրելիի.
Չեմ հասնելու Նրան…
Թող Քո կամքը լինի.
Զի Մահն է, որ
Միացնելու է մեզ:
Ես ո՞ւր չվեմ, Տէ՛ր իմ.
Հոբն եմ, հայելիդ եմ, շինուածքդ եմ.
Ո՞մ թեւերով չվեմ.
Դե, Հայր, թիավարիր.
Ես դեպի վեր վար կհոսեմ.
Տկարութեա՛նս մեջ
Ես ինձ ճանաչեցի.
Հոբն եմ, հայելիդ եմ, գործիքդ եմ…
Ես քո տավիղդ եմ, Հայր.
Կողոսկրերիս ցավին
Մեղեդիդ սպեղանի ըլլա.
Ես եմ Դավիթը, սիրելիդ.
Ինձնով Քո կամքըդ եղիցի,
Քո թագավորությունըդ գայ:
Իմ գլուխը սկուտեղի վրա
Վարձք էր պարի.
Ես շոշափել եմ
Ոտքերիդ ճերմակը
Թափանցիկ ջրերի մէջ,
Աղավնահոտը ուսերիդ վրա,
Անշարժ թեւերիդ
Ճախրանքները լուռ:
Ու լույս երեսդ
Աչքերումս չէր, որ ապրեց,
Ու մարմինս չէր,
Որ պիտի մնար:
Իմ գլուխը վարձք էր պարի,
Ու ես քեզ մոտ էի.
Զի Մահից անդին
Միասին էինք Մենք:
Տաճարում՝ խորհուրդներ խորին.
Տաճարում Հայրըս էր բուրում..
Մեր մարմինները նավակներդ են, Հա՛յր
Թիավարի՛ր դեպ կեանք:
Ջրերի վրա քայլելու համար
Պետք է լքես նավդ.
-Կանչիր ինձ, ու կգամ,
Բախիր, ու կբացեմ, Հայր.
Ի՛նձ փնտրիր, ու ես
Պիտ գտնվեմ:
Մենք ուտում ենք, Հայր,
Բայց ո՛չ Մարմինը Քո,
Շարժվում ենք ու չե՛նք աճում,
Գործում ենք ու չենք նորոգում:
-Մեզ աղոթել սովորեցրու…
Զի աշխարհ ենք եկել դրա համար.
Ու Մահը չէ, որ մեզ
Կմիացնի.
Թե աղոթել սովորեցնես,
Կեանքն ու մահը
Մի կըլինեն:
՛՛Սէրը ամեն բանի դիմանում է՛՛.
Անգամ սիրելիի Մահին…
Որդի՛ս, ես Քօ՛ կարոտն ունեմ:
Ինչպե՞ս ապրեցի
Երեք խաչվածի
Մորմոքի ժամին.
Ինչո՞վ ապրեցի…
Ես Քօ՛ կարոտն ունեմ, Որդի՛ս…
Առագաստդ եմ, Տէր.
Մութ գիշերում
Ուր որ կուզես՝
Երթանք:
Դու քայլեցիր ջրերի վրա
Նախքան Քո ու մեր լինելը.
Կեանքը հասկանալը
Հասկդ դառնալը թող լինի:
Փարոս եղիր՝ Դրախտիդ չորս երակներով
Ափերումդ հոսենք:
Ի՞նչ կբերենք Քեզ մոտ,
Երբ որ Մահով հատվենք:
Աշխարհը կլքենք
Աշխարհ գալու նման.
…սէրը Կարոտն էր
միևնույն Երկնքի…
Զի Քո է Փառքն
Ու մերն է
Արքայությունը Քո:
օգոստոս, 2016
No comments:
Post a Comment