Wednesday, March 2, 2022

Օրոր


 Ճերմակած լուսինը

Ալեհեր գլուխն էր որդուս…


Կտցահարեցի
Նրա ափերից
Վշտի ամպերը.
որդուս ափն արևոտ էր, ծա՛ռ…

ես չկայի,
որդիս  չկար
կյանքը երգ էր…
որդիս ծնվեց
բարկ արևի
ու դեղձենու հանդիպումից.
Պայծա՜ռ օր էր…
ես չկայի, 
ու որդիս կար,
ու եղա ես…

նրա ափերի արևահոտը
մաշում էր ժամանակը կյանքիս,
ու կարոտը ավարտ չուներ,
ու   ձայները 
լռություններ էին քանդակագործ:

Չվող թռչունները 
Կերակրում էին մեզ
Ափում պահած փոշեհատիկներով.
Ու մենք աստվածներից 
Ոչինչ չէինք խնդրում.
Աստվածներ չկային,
Կար Նա, Ով կար:

Որդիս դեղձի պես էր բուրում, 
Ու այտերը-շիկնող թավիշ, 
 Ու ես դուստրն էի որդուս:

դեղձենին, որ հայրն էր
իմ ու որդուս,
չվող թռչուններին ապաստարան եղավ,
ու կարոտը ավարտ չուներ…

դեղձենին, որ կը շիկնէր
հանդարտ հովից,
երկար լռեց…
երբ կացինը մեջքին դիպավ
ծանր շնչով
ընկավ իմ ու
որդուս վրա.
Պատսպարեց: 


...Քնիր, որդիս,
Ոչ բույր ունենք, ոչ ձայն, 
Ու ոչ էլ զգայություն…
Ալեհեր գլուխդ
Հայր դեղձենուն հենիր,
Իմ մեջ քնիր…
Որդիս, քնիր..:

մայիս, 2014

No comments:

Post a Comment