Նաիրային
քեզ կհպվեմ ամենադեղին մատներով.
արևածագին.
դու կասես, որ
թշվառության մեջ են ապրում
սրտերը մեր
մորմոքումը քո լուռ,
իմ լարայի՜ն...
քեզ կհպվեմ ամենադեղին մատներով.
դու չես ժառանգելու
չապրածը իմ.
քնիր...
չէ՞ որ
ափսեները լվացել ենք
որ տաքացնենք մեր մատները.
այնքան շատ են մարդիկ երկրի վրա.
մի՞թե ունեմ ես ասելիք,
մի՞թե ավելորդը ես չեմ:
Կերա՞վ արդեն իմ մարմինը մի գայլ,
ինչու՞ ծանոթ են ինձ ժանիքները նրա...
կերա՞վ արդեն.
դեռ չի՞ եկել.
մոտենու՞մ է:
Ինչու՞ չի ցատկում ինձ վրա միանգամից.
մի՞թե ես իմ մահի փուլերն ապրելու եմ:
ինչու՞ չի մոտենում:
ես չեմ ուզում մաս-մաս զգալ,
թե ինչպես են գնում ինձնից
թեևերս,ոտքերս...
ես վախենում եմ նայել ինձ
հոշոտվելուց հետո:
ինչու՞ ծանոթ են ինձ քո գայլերի ժանիքները,
բայց ոչ քայլերը, Տեր:
Կերա՞վ արդեն իմ մարմինը մի գայլ:
վե՞րջ...
էլ ողջ չե՞մ:
այդ ի՞նչն էր, որ թողեց ինձնից:
ինչու՞ չպահեցիր ոսկորներս
ամենաթանկ սնդուկներումդ,
Տէր:
Քեզ կհպվեմ ամենադեղին մատներով,
արևածագին:
Քեզ չեմ կտակելու չապրածը իմ,
քնիր..:
No comments:
Post a Comment