Wednesday, March 2, 2022

Մոնոլոգ երկուսի համար

 


 

                                   J. S. Bach,  ''Matthäuspassion: Wir setzen uns mit Tränen nieder''

                                              




Ձայնիդ խազերը չշոշափվեցին.

հնչումիդ ո՞ր արարում կհայտնվես:

Քո թևերը՝ կաթի վտակ. քո թևերը՝ պրկված լարեր:

արձակիր ինձ.

իմ ջղերը չոր են տևաբար սիրելու համար,

իմ նյարդերը էլ չեն ապաքինվում աղմուկի դադարով:

Ներկայությունս ինձ վրա մնաց. էլ կրել չի լինում...

գնչուների ջութակալարի պես վայրի-բարակ մի շունչ լիներ,

ապաքիներ:

 

 

Էլ ինձ չեն հպվելու ձեռնափերով,

հայացքները էլ չեն շոշափելու  սրտամասեր.

ես գնում եմ...

տաքուկ կարեկցանքից,

համակրանքից ու սերերից հեռու,

ես գնում եմ:

Քաղաքից, որ շատս առավ, չգնածով մերկությունս ծածկեց,

ու մարդկանցից, որ ուզում են փրկել,

որ հենված են իրենք իրենց

ու պատմում են,

ես գնում եմ:

փողոցային սև աղբարկղի

պատեր լիզող

հլու շան պես

փոշում մնալն

էլ իմը չէ.

ես գնում եմ:

 

Ձայնիդ լույսը մարեց.

ես հենվում եմ ձայնի ինչպես ձեռնափայտը՝ քարի:

կնճռոտվում եմ նոր չու տեսնող

ծեր կռունկի հայացքի պես

 

թող լույսը չմարի.

ես մթությունից էլ չեմ վախենում,

թող ուրիշ կերպ փորձվեմ,

սրանից հոգնել եմ.

թող լույսը չմարի:

կամ տողադարձ պիտի լինեմ,

կամ էլ լուսանցքն անցնեմ, երբ ծայրին եմ:

սահմանն ու խաղաղը մի հին բառի տողատումն են.

երբ լուսանցքից վախ կա, բառը ճաք է տալիս,

հետո կարոտում է:

սահմանն ու խաղաղը միասին են գրվել.

ապա գրվածքի մեջ

տողատվել են:

ես հավատացի բառի արմատին ու խորքին,

ապա հանդիպեցի նրան գրվածքներում.

ես չգտա բառին, ու ոչ էլ կորցրի:

 

Նկատե՞լ ես՝ աղբարկղի շները ձայն չեն հանում

այնպես փնտրող, կիսատ...

Իմ լիզածը աղբ չէ,

բայց ինչու ես նույնպես

լուռ եմ պետքից ավել.

ինչու առիթները տարբեր

նույն հանգումը ունեն:

 

Ես ոչինչ չեմ կարող նվիրել,

որովհետև ներսս

ծանրացել է վրաս

որթատունկի նման,

որովհետև ես խաղաղ չեմ

երբեք, արդեն:

'' Ruhet sanfte,

ruhet wohl! .''

ես էլ չեմ ուզում թափառել

որևէ մեկի մտքի միջանցքում,

թեկուզ մտքափողոց լինի,

թեկուզ մտքախցիկ,

կամ անգամ մտքօթոց...

ես չեմ ուզում,

չեմ ուզում,

ինձ չեմ ուզում,

ուզում եմ Քեզ, Herr..:

Դու դողն ես անհավատ մտքիս

ու սիրում եմ Քեզ չհավատալը...

ես թույլ եմ, Herr, թույլ եմ, թույլ եմ...

փաթաթիր ինձ Ինքդ Քեզ հավատալովդ,

ու մի տրորիր, ու մի շոշափիր

թուլությունս, Herr...

Իմ ջղերը թույլ են 

տևաբար սիրելու համար,

ջուր տուր ինձ, Herr...

ես հավատում եմ ջրաբույսերին

ու ոչ մտքերին

բառավորված.

ծանր արարում եմ,

Herr.

 

ասեղնագործիր ինձ փեշիդ վրա.

ես կպահեմ քեզ՝ թե հենվեմ, Herr.

քնքուշ սիրվելու կարիք չունե՞ս,

ինձ ինչո՞ւ չես տրվում,

Herr.

Դու այն էջն ես, մինչ որին հպվելը

պիտ երկար լվացվեմ,

ինչո՞ւ ինձ չես սիրում,

Herr.

 

''Wir setzen uns mit Tränen nieder

und rufen dir im Grabe zu:

ինչու լսում ես ինձ

ու չես լսում, Herr...

Քո թևերը՝ կաթի գետեր,

Քո թևերը՝ ծովածաղկի ցողուն:

Ես կարոտով կմտածեմ

տողի մասին, որ կգրեմ, ու ոչ ոք չի կարդա.

ոչ ուրախ կլինեմ, ու ոչ տխուր.

ես կհենվեմ չկարդացված տողին,

քեզ մոտ կգամ:

ինձ կսիրես հենց այդ տողի համար:

քեզ մոտ կգամ, Herr...

(միայն թող ինձ կարապների հուշը,

միայն կարապներին ինձ թող...)

 

ես սեղմվում եմ Քո պատերին ու ընկնում եմ մահճակալից.

որտե՞ղ ես, Herr...

 

փոքրացրու ինձ այնքան, մինչև

Քո հատակին փռվեմ,

ասեղնագործվեմ Փեշերիդ վրա...

մի խնայիր,

գցիր, ինձ ցած գցիր, էլ մի պահիր,

ծանր եմ, Herr...

 

արարել ես՝ Ինքդ էլ տար,

ոչինչ մի պահանջիր, Ինձ կատարիր Մենակ,

Herr.

 

ես կըմբոստանամ մինչև վերջնանկում:

Բախը միակն է, որ պիտի մնա

Իմ խոռոչում Ինքդ Քեզ հավատալուց հետո,

Herr.

Հայր մեր, որ երկնքում ես,

ես չգիտեմ՝ ինչ է Քո անունը,

ինչպե՞ս  «սուրբ եղիցի» խնդրեմ

ես չգիտեմ՝ ինչ է արքայությունը Քօ,

որ «եկեսցե» խնդրեմ,

ես չգիտեմ՝ ինչպիսին է Կամքդ այդտեղ,

որ խնդրեմ Այն Երկրի վրա.

աղաչում եմ.

իմ հանապազօրյա հացը

տուր այսօր բոլորին.

ու մի տար ինձ քամող փորձության,

ու մի փրկիր ինձ կասկածից,

որովհետև Քոնն է զօրությունը,

որովհետև Քոնն են կասկածը, գնալն ու ես,

որովհետև Քոնն է Բախը,

որ  շնչում ես իմ խոռոչում խնկարկելիս

ու Ինքդ Քեզ աղոթելիս:

 

Wir setzen uns mit Tränen nieder

und rufen dir im Grabe zu:

Ruhe sanfte,

sanfte ruh,

ruhe sanfte,

sanfte ruh!

 

Մայիս, 2017

 

 

                       

 

 

 

 

No comments:

Post a Comment