(Henri Matisse, "As if she has never seen me")
Արևելքից ծորող թախծի զգայությունը լեզվիդ վրա,
Անձրևների վարգը քունքերիդ մեջ,
Թաց երկաթի հոտը վերին շուրթիդ,
Մատներիս աղեղի շարժը՝ ձայնալարերդ հատելիս:
Մենք կմեռնենք
մեր պատկերի
ծանրության տակ,
մեծ քաղաքի
խեղճությունը մեր ուսերին.
չենք հասկանա,
որ մեռնում ենք:
Թեփուկներդ հանդա~րտ
կժողովեմ,
ու կդիտեմ
Տարածությունը մերկութեանդ,
Համանվագը մերկութեանդ,
Մերկութեանդ՝ կորագիծ ու անպաշտպան,
Մերկութեանդ՝ տխուր ու իրական:
(Մերկութեանդ փոփոխականն անկախ էր
մարմնիդ արժեքներից
Մերկութեանդ ուժը
ոչ ճնշում էր,
ոչ էլ ձգողություն):
Իմ տրտմութեան ալիքները տատանվում են
Ցավագին գալարումներիդ հաճախութեամբ,
հօգի'ս,
որովհետև իմ աչքերը ի'նչ էլ տեսած լինեն,
Զարմանալու են քեզ հանդիպելիս,
Որովհետև դու գիտես, որ մեկն ես
Եղած ու գալիք կորագծերից,
Որովհետև դու ապրում ես
Բոլոր մարդկանց մահը մաշկիդ վրա,
Որովհետև դու մահ չունես:
Արևմուտքիդ հովերը անժպիտ
Հրավիրում են մեզ
Արևելքի վրա լալու...
Ու սարսափելի էին պատուհաններն անապակի,
Ու դողացինք մարդկանց տունը
բաց խորշով դիտելիս:
Հօգի'ս,
Այնքան քաղաքային է
Միանձնուհու հագուստներին
անառակի հայացքն ու ընթացքը համադրելդ,
հօգիս...
Այնքան հեշտ է քեզ կորցնելը,
Ու այնքան դժվար է քո կարոտը:
Հօգի'ս,
մի' կարդա աղմոսներ,
երբ ուզում ես ձայնիդ
քնքշությունը փորձել,
սաղմոսներ մի կարդա,
թանկ բաների անուն մի տուր:
Այնքան քաղաքային է
Կարևոր բառեր ասելը
Սեփական ձայնը լսելու դիտավորութեամբ:
Հօգի'ս,
Ես քեզ հողին եմ հանձնելու
Երկնամերձ մի տարածքում:
Օդը փորելու եմ,
Քեզ վրա լաց եմ լինելու,
Ես քեզ սգալու եմ
(Ես թաղելուց հետո սգալ գիտե'մ, հօգիս.
Ինձ ասացին՝ այդպես հազվադեպ է լինում):
Համբուրելու եմ
վերին շուրթիդ
ժանգոտած երկաթի հոտը,
Անձրևների վարգը քունքերիդ մեջ,
Արևելքից ծորող թախծի
զգայությունը լեզվիդ վրա,
Մատներիդ աղեղի շարժը՝
ձայնալարերս հատելիս:
Հոգեհանգիտ:
Հոգե հանգիստ:
Հոգնե՛լ-հանգի՛ստ:
Հոգնել, հանգիստ:
Հոգնել: Հանգի~ստ...
մայիս, 2018
No comments:
Post a Comment