Wednesday, March 2, 2022

 

                                   Նոր Ծաղիկ

                                               Լույսը մենակ-մոլորվածին չի խնայի:

 




Մենք կթաքնվենք երախտիքների

Օտարումից վար,

Ինքնասահմանման քողերի ներքո:

Վերմակի դողով անպատվաստ քնի

ծանրության շնչից կուչ գալու ճամփին

Շիվերի ծածանք, փայփայված հունիս,

որդեգրված հայր, հարամիտ մայրիկ...

 

երգեր լռեցինք չտեսած լուսնին,

արևի ծնվող գայթակղությանը,

ճառագայթների հոգնությանը խեղճ.

 

Չգրված տողի ոդիսականից

պոկվում են մտքեր,

համբարձվում գետնին:

 

...Նոր ծաղիկ պայծառ ցուցաւ, այսօր ի նոր գերեզմանեն:

 

Պղպջակները փայլում են տխուր

դեռ ճամփա չանցած՝

անձրևորեն վա՜ր.

էլ կյանք չմնաց...

թիթեռափոշում

հանգցրած լամպի

ու խաղաղութեան

կարոտը մնաց.

գիշերօդն էր, որ թոքերի մեջ

չգրված տողի ոդիսականի

մաշած լռութեան

թանկութեամբ մնաց...

 

Երփնազարդ հոգւոցն տունկք կանաչացան կենդանութեամբ:

 

Այս երգը ոչ ոք չի լսելու, Մարիա(մ),

Ոչ ոք, ոչ ոք չի լսելու,

ոչ ոք...

 

Տերևներիդ թացը, սառը կաթիլները

քարայրներիդ

ու հինգշաբթին, արդեն այլ հինգշաբթին,

ու բառերը մամռոտ,

որ չեն ներում

արձակ վերնաշապկի

կոճակներին:

 

Տաքը, ջրախորքի տաքը

 ու ճերմակը կաղամբների

ոչ ոք չի լսելու, ոչ ոք...

 

Րենական լուսոյ սաղարթք, ի հոգեւոր գարնան փթթեալք:

 

Բույսեր ցածրիկ, բարձր, սաղարթախիտ բույսեր,

կյանքեր ծաղկամանում, պատուհանի առջև,

գոյություններ բաժակներում, ծովախցիկ բոլորակներ,

ծառեր, ծառեր, ծառեր...

 

Երգը, որ ավելի

լսում է մեզ, քան մենք՝ իրեն,

Երգը, որ ավելին գիտի,

քան մենք,

Երգը, որ ենք...

Սարսուռ, Դեղին, Դրախտ...

Դեղին-դրախտ-սարսուռ.

ե՞րբ է գալիս-գնում ժամանակը.

խոսքերը ընկնում են ականջի չհասած.

թռչնի փորած խակ պտղի պես

անիրական անհույս չապրվող կյանք.

Մեջքդ հենել ես անկապույտ պատի,

Ցավդ տանեմ...

ո՞ր կապույտն էր, որ եկավ, ու մնաց

ճնճղուկի՞ կապույտ, թե՞ ագռավների,

կռունկի կապույտ, չվողի՜ կապույտ...

 

արյունացրտից փքված ձեռնամաշկ,

ու ուղղաձիգը մրսող մազերի,

ուռուցիկ արմատ,

ու կարոտաուժ, ու կարիքավախ սառած մազերի,

հունիսի ծածանք, շիվի փայփայում..:

 

Տարածությունը վարդեղեն սրտի,

մերկության ցավը քերծված երկնքի.

...որտեղ է ապրել նա, ով ապրել է:

դու կփորվես քո հայրիկի

քարայրախոռոչում

ու կդողաս:

Աշունը կը ձյունե,

ականջից ի ծնոտ

ափերի փայփայանք,

տերևաշունչ գիշեր,

մտքերի ձոր:

Քառաթերթ ձնծաղիկ.

աշունը կը ձյունե:

Սառը պատսպարան

ու շնչավոր ներկա.

հպման տարակույսներ,

շոյանքներից փախուստ.

մենակ ապաստարան.

Ներկայութեան պատանք...

պատրանքի թաթախում.

սառը պատսպարան:

 

ՙ...Մոտենում է լույսը անվերջ ու սպառնում՚:

Թափանցիկությունը երրորդի,

որն օտարվում է երախտիքից:

Արահետը, ու հետքեր հայրիկի:

Նրբահյուս տրոփում կյանքի,

զգայություն մտքի,

անեզր մենակի,

Շունչեր չասվածի:

 

...ի խաւարի ստուերաց մահու, աւետիս:

 

Կարոտը կը ձյունե:

մայիս, 2017