Saturday, August 17, 2019

Հայոց Ցեղասպանություն

Ի՞նչ է կարմիր հեղուկը,
որ հոսում է
մարդկանց ու կենդանիների մարմնով.
Ի՞նչ կասեր երեխան։
Ի՞նչ կասեր մեծահասակը։
Ի՞նչ կասեր բժիշկը։
Ի՞նչն է նյութը,
որ փոխադրում է թթվածինը
ամբողջ մարմնով մեկ։
Խելացի երեխան
գուցե ճիշտ պատասխաներ։
Անգամ վատ բժիշկը
ճիշտ կպատասխանի,
Թե ինչն ունի
7.40 միջին հիմնայնություն
և 4.2֊6.1 միլիոն էրիթրոցիտ
Յուրաքանչյուր միկրոլիտրում։
երեխաները կասեն,
թե չգիտեն։
Խելացի մարդիկ գուցե իմանան։
Բժիշկների մեծ մասը կիմանա։
Մենք պետք է թողնենք բժիշկներին որոշել՝
արնահոսող անձը
զգու՞մ է իրական ցավ, թե՞ ոչ։
Արյունը կարմիր հեղուկ չէ՝
հոսող մարմինների միջով
մարդկանց ու կենդանիների,
թե չկա «արյուն» բառը։
********
Պատմությունը փայլեցված մումիա է
ինչ֊որ մեկի, ով մահացել է արնահոսելով։
Ճշգրիտ վիճակագիրները չեն ստում,
բայց նրանք նույնպես չեն զգում։
Մեկ, երկու, երեք, չորս, հինգ,
վեց, յոթ, ութ, ինը, տասը,
տասնմեկ, տասներկու, տասներեք,
տասնչորս, տասնհինգ, տասնվեց,
տասնյոթ, տասնութ, տասնինը,
քսան... մեկ և կես միլիոն։
Գուցե 1.5 միլիո՞ն։
Մեկ միլիոն հինգ հարյուր հազա՞ր։
Մեկուկես միլիոն
չգրված բառե՞ր։
Ի՞նչ է մարդկանց սպանելը
այն պատճառով, որ ատում ես
նրանց ինքնությունը։
Ի՞նչ կասեր երեխան։
Ի՞նչ կասեին մեծահասակները։
Ի՞նչ կասեր բժիշկը։
Ի՞նչ է մարդկանց 
կանոնավոր բնաջնջումը՝
հիմնված նրանց էթնիկ խմբի,
ազգության կամ կրոնի վրա։
Խելացի երեխան թերևս 
ճիշտ պատասխանի։
Շատ մեծահասակներ
պիտի որ ճիշտ պատասխանեն։
1914-ին ո՞վ ունեցավ
միջինը 1.8 միլիոնանոց բնակչության 
կրճատում 300 հազարի
երեք տարում,
Օսմանյան կայսրության մեջ։
Հայ երեխաները կասեն,
թե չգիտեն,
բայց նրանք չգիտեն,
որ գիտեն։
Խելացի հայերը թերևս իմանան։
Շատ քաղաքական գործիչներ 
պիտի որ իմանան։
Մենք պիտի թույլ տանք 
պատմաբաններին որոշել՝
արդյոք հայերի զանգվածային կոտորածը
կարո՞ղ է կոչվել ցեղասպանություն, թե՞ ոչ։
Ցեղասպանությունը 
մարդկանց սպանելը չէ 
այն պատճառով, որ ատում ես 
նրանց ով լինելը,
թե չկա «ցեղասպանություն» բառը։
********
Արյունը ոչնչացված պատմություն է՝
հավատարմորեն գրված անհաջողակների կողմից։
Ազնիվ ցավը չափազանցնում է փաստերը,
բայց այն կրող մարդկությունը երբեք
չի խուսափում ճշմարտությունից։
Դանիել Վարուժանը հայ մեծ բանաստեղծ է՝
սպանված 31 տարեկանում, ով գրել է.
«Թեւերը հայ կըռունկին
Ա՛լ յոգնած են ճամբորդելէ» ։
Ի՞նչ վիճակագիրներ կարող են 
հստակորեն պատկերել
մեկ մեռած բանաստեղծի ողբերգությունը։
Մե՞կ։ Արդյո՞ք մեկ։ Մի՞թե մեկն էր։
Իսկ ի՞նչ ասել չգրված գործերի 
վիճակագրության մասին,
Որոնք մեռան բանաստեղծի հետ։

                                                 
   Դանիել Վարուժան                                               (1884-1915)



Դանիէլ, այս հոլոքոստը քեզ համար է,
Բայց ես չեմ կարող
այրել բոլոր դատարկ էջերը,
որ գոյություն ունեն,
կամ թրջել աշխարհի բոլոր թղթերը
ամեն հայի արյամբ,
(ուր մնաց թե միայն քո արյունով):
Դանիէլ, ի՞նչ արժե բանաստեղծի արյունը.
Ի՞նչ են խնդրելու երկնքում դրա փոխարեն.
Նախագահն ասում է՝ կան
չափազանց շատ թղթեր,
Չափից շատ պատմություն,
և քո արյունը նրանց բավական չէ:
Կառավարության աստվածները
ուզում են ավելի շատ հոլոքոստներ՝
հանդարտվելու համար։
Եթե քո բոլոր գործերը
ամեն հայի մարմնի հետ
խժռեր կրակը, գուցե դա
բավարար լիներ,
գուցե հետո նախագահը
 կարողանար ասել.
«Ցեղասպանություն»,
Եւ Թուրքիան գուցե ներում խնդրեր,
Որովհետև ոչ մի հայ չէր դադարի
ներում կամ զղջում պահանջելը։
Դանիէլ, միայն հոլոքոստն է,
որ կարող եմ առաջարկել քեզ.
այն իմն է և իմը չէ։



Դանիէլ, ես ուրախությամբ կայրեի
քո բոլոր գործերը,
կնետեի մեր բանաստեղծությունները
Ծիծեռնակաբերդի հավերժական կրակի մեջ,
կայրեի բոլոր եկեղեցիները,
դիվային կրակներում կկործանեի
մեր բոլոր հուշարձանները
որպես եղեռն աստվածների,
միայն թե վերադարձնեի
քեզ ու բոլորին։
Ի՞նչ ենք արել, Դանիէլ,
որ բարկացրել ենք աստվածներին,
Ինչո՞վ ենք մենք վաստակել սա։
Դանիէլ, ես ուզում եմ իմանաս,
որ ամեն բան լավ կլինի։
Մենք մարդիկ ու երկիր ենք կորցրել,
Բայց մեր մարդիկ
պաշտպանել են մեզ Սարդարապատում։
Հանգչիր խաղաղությամբ,
զի մենք այստեղ ենք դեռ։
Դանիէլ, ամենը չէ կորած.
թույլ տուր պատմեմ ազգերի մասին,
որոնք չմոռացան քեզ.
նրանցից երկուսը չկային,
երբ կայի՛ր դու,
չկային անգամ երբ ես ծնվեցի,
բայց նրանց զգոն աչքերը
նրանց հոգուց առաջ էին ծնվել:
Դանիէլ, Սլովակիան և
Չեխիայի Հանրապետությունը
30 տարեկան չկան,
և չեն մոռացել քեզ։
Ես հիմա 31 եմ. այն տարիքում,
երբ դու մահացար,
և մահն ինձ դեռ չի վախեցնում,
բայց երբ քեզ կալանածները
բարձրացրին դաշույնները,
դու լսեցիր փախուստը հույսի,
ինչպես սև կոլիբրիների,
որ թոքերիդ մեջ ճեղքում էին
իրենց ճամփան։
Ինչպե՞ս բավարար օդ առար՝
ճչալու համար,
(ուր էր թե շնչելու համար)։
Դանիէլ, Ուրուգվայն առաջինը
լսեց քո կանչերը,
ապա Կիպրոսը, Արգենտինան,
Ռուսաստանը, Հունաստանը,
 Կանադան, Լիբանանը, Բելգիան,
Ֆրանսիան, Իտալիան, Վատիկանը,
Շվեյցարիան, Նիդեռլանդները,
Լեհաստանը, Լիտվան,
Գերմանիան, Վենեսուելան, Չիլին,
Շվեդիան, Բոլիվիան, Ավստրիան,
Բրազիլիան, Սիրիան, Պարագվայը,
Լյուքսեմբուրգը, Բուլղարիան։
և Հայաստանը, իհարկե,
չդադարեց լսել քեզ։
Դանիէլ, էլի մարդիկ կլսեն քեզ,
առ քեզ կգան։
Ռաֆայել Լեմկինը վերջին մի շունչ տվեց
ամեն հայ զոհի՝
առաջ քաշելով «գենոցիդ» բառը։
Դանիէլ, այս բառը միայն մերը եղավ,
ցավոք, ոչ երկար.
ուրիշները նույնպես մահացան՝
կյանքն այս բառում արտաշնչելով,
ու երանի չլիներ այդպես։
Աշխարհը այդքան անմեղ չէ,
որ չպարունակի «գենոցիդ» բառը,
բայց երանի այն երբևէ ծնված չլիներ.
Դանիէլ, գիտեմ, ամեն մեկը կարող է լինել
վերջին շնչիդ ունկնդիրը,
բայց շատերը կվախենան կրկնել այն,
ինչ լսեցին.
-Գենոցիդ։


Դանիէլ, քո վերջին շունչը
իմ հոլոքոստն է.
Չնայած որ իմ թուղթը զուտ թուղթ է,
Թանաքիս բռնկումները կարող են
հասնել քո գերեզմանի խորքերը և
վերադառնալ երկիր որպես
«ցեղասպանություն» բառի շոգի։
Դանիէլ, ես չգիտեմ՝ վրեժը լա՞վ է, թե՞ ոչ,
բայց այնպես լավ է թվում։
Մեր տառապանքն իրենց
գլուխգործոցը դարձրածները
դատապարտվեցին մահվան,
Բայց արդարադատությունը չպնդեց,
ու բոլորը փախան։
Մենք սպանեցինք մեր տառապանքի
գլխավոր ճարտարապետներին,
և եվրոպական դատարաններն
արդարացրին մեզ,
բայց անգամ եվրոպական դատարանները
չեն կարող ստիպել Աստծուն իշխել նրանց,
ու ես մեր եղբայրների վրեժը փառավորելիս
խնդրում եմ քեզ աղոթել
մեր ընտանիքների համար։
Դանիէլ, ցեղասպանությունը վերապրողներին
ցրել է աշխարհով մեկ, ինչպես քամին
թղթատում է պատռված գիրքը։
Շատ ցավեր ընթեռնելի,
հասկանալի չեն այլևս,
որովհետև ժամանակը օրորելիս
կարմիր թանաքը փոխարկել է սևի։
Դանիէլ, ես թույլ չեմ տա, որ
ժամանակն ու վիճակագրությունը
չորացնեն արյունդ։
Ես թույլ չեմ տա ծերացող պատմության
իմաստուն ականջները խլանան քո ճիչերից։
Բանաստեղծը փաստերի պատմիչ չէ։
Դանիէլ, դու ժպիտների ու արցունքների
պատմաբան ես։
Քո գրիչը լի էր
հեռու ու մոտ ապագայի ձայներով։
Դանիէլ, բանաստեղծը պատմաբան է՝
հիվանդ հեմոֆիլիայով։
Նրանք, ովքեր խոր ցավեր են
պատճառում նրան,
պիտ դիմանան բանաստեղծի արյան
անվերջ աղաղակին.
Նրանք, ովքեր սպանում են նրան,
Սպանում են իրենք իրենց։
Նրա լուռ արյունը աղտոտում է ոճրագործի
հողի ամեն ակրը, մինչև որ որևէ ազնիվ բերք
ի զորու չլինի աճելու այնտեղ։
Ժխտումը բանտ է՝
առանց պատերի ու պատուհանների,
շրջապատված ականադաշտերով։
Ժխտումը բարոյական
վարքականոնին հետևելիս
ձեռնոց կրող ճշմարտություն է,
Ժխտումն ափսոսանքի արմավենի է
հեռավոր անապատում,
և ոչ ոք չի կարող հասնել նրան
նրա զղջման օրերին։
Ժխտումը շարժական տոների խոստումն է
օրացույցի վրա, որ չունի թվեր։
Ժխտումը կապված աչքերով
երդվյալ դատավոր է,
ով գիտակցաբար է արդարացնում
մարդասպանին։
Ժխտումը ծուղակ է՝ կախված բոլոր
անմեղ բանտարկյալների խցերում։
Ժխտումը հիվանդանոց է, որ
միայն առողջ մարդկանց է ընդունում։
Ժխտումը կալանավորում է
անմեղ մարդկանց,
կտրում նրանց լեզուն ու ձեռքերը,
ապա ասում աշխարհին.
«Բոլոր կողմերն ազատ են արդարանալ
և կողոպտելու ու զրպարտելու մեջ
իրենց մեղավոր չճանաչել»։
Բայց և, գրիչները, որոնք չէին կարող
պահվել հայերի ձեռքում,
ճիշտ ձեռքեր ընկան,
որոնք մեր պատմության էջերն
այրումից փրկեցին։
Այս օտար ձեռքերն էին տեսնել տալիս
ոճրագործի ստերը, ինչպես
շրջանագծում թակարդված
մաթեմատիկական ապացույցներ։
Դանիէլ, քո անվան ուժը
կջնջի ոճրագործի բառարանից
«ժխտում» բառը։
Թույլ տուր նրանց քարշ տալ
իրենց ոտքերն անապատում՝
քո հայացքից թաքնվելու համար,
առանց թանաքի կաթիլի՝ քամելու համար
իրենց մեղսալից բառապաշարի ծարավը։
Ոճրագործը ստում է՝ հայտարարելով,
թե հայերը թշնամի էին,
որին հարկ էր ոչնչացնել.
ես երբեք չեմ տեսել, որ թշնամի լինեն
կանայք ու երեխաները,
որոնք մեռնում են անզեն։



Ոճրագործը ստում է՝ ասելով,
թե հայերը վտանգավոր էին,
ու անապատի երթերը նրանց
կարճատև տեղափոխմանն են ծառայել.
ես չգիտեմ տեղափոխման տեսակ,
երբ մարդիկ պիտի նոր կացարան քայլեն
 բռնաբարված ու սննդից զրկված։



Ոճրագործը ստում է՝
հայտարարելով հայերին
իրական մարդասպաններ.
Ես երբեք չեմ տեսել
օտար երկրներում
կառուցվեն
ցեղասպանության հուշարձաններ՝
ի հիշատակ ոճրագործների։


Ոճրագործը ստում է՝ ասելով,
թե հայերն ու թուրքերը սպանում էին իրար.
եթե այդպես է, ես չեմ տեսել
ավելի միակողմանի պարտություն.
անգամ անզեն զորքերը
չեն պարտվում այդպես։


Ոճրագործը ստում է՝ հայտարարելով,
թե հայերի՝ իրենցից ավելի կրթված
ու հարուստ լինելը հանգեցրել էր նախանձի։
Այստեղ թերևս կա ճշմարտություն,
բայց մի՞թե կրթությունն ու հարստությունը
կարող են ցեղասպանության հանգել։

«Հայերն ավելի կիրթ էին ու ավելի հարուստ, և այդ պատճառով թուրքերն ատում էին նրանց ու նախանձում այնքան, որ Կառավարությունը հաստատեց էթնիկ զտումների ծրագիր, որը թուրքերը նախ պիտի փորձարկեին. 1894-96թթ. 200 հազար հայ կոտորվեց զինվորների ու զինված խմբերի կողմից», 
֊The Australian, «Geoffrey Robertson֊ը գործ է հարուցում Թիւրքիայի դեմ 1915թ. Հայոց ցեղասպանության համար» (2015) [1]


Դանիէլ, սրանք են
նրանց մեղադրանքները մեր դեմ։
Ներիր ինձ նրանց հավակնությունները
հերքել ցանկանալուս համար.
դրանք արժանի չեն մեր թանաքին,
անգամ ուշադրությանը,
բայց ինչպես վրեժը, որ կարող է լինել սխալ,
հաճախ այնպես լավ է թվում։
Դանիէլ, հայերը զոհեր են,
բայց չենք կարող ստիպել սերունդներին
քնել մեր կարմիր բարձերի ու սավանների վրա,
որովհետև նրանք խաղաղություն են ուզում,
ինչպես մենք։
Դանիէլ, մենք չպիտի մոռանանք նրանց,
ովքեր չսեղմեցին ձգանը,
Նրանց, ովքեր չեն հերքելու,
Որովհետև ժխտումն ու ոճիրն են
ոճրագործ դարձնում,
Ոչ թե հենց ծագումը։

Դանիէլ, կյանքդ
գերեզմանատանը ծնված երեխա էր։
Ես փորձում էի հեռացնել արցունքներդ
թղթի երեսից,
ես երկար պահում էի արևին,
ու թուղթը մնում էր թաց։
Դանիէլ, ես հուսահատ չեմ։
Ես կդադարեմ գրել այս տողերը
երբ ի զորու լինեմ նկարագրելու
երջանիկ մի պահ քո կյանքից։
Այդպես բանաստեղծը պիտի՛։
Բանաստեղծը
արձագանքների հնագետ է.
քո հույսերն ու երազները
ավելի պարզ են հնչում,
երբ գալիս են սարերից,
անապատներից ու անտառներից։
Ես ինչպե՞ս գտնեմ ճշմարտությունը
արխիվներում ու գրքերում,
Երբ պահապանները
նրանց ձայնն են աղավաղել։
Երբ սպիտակ ձեռնոցներ պիտի կրեմ
փաստաթղթերը պաշտպանելու համար,
Չե՞ն կարող քաղաքների
աղմուկն ու ցնցումները լռել։
Բանաստեղծի ճշնարտությունը
ճշմարիտ է հնչում առաջին իսկ հնչյունից։
Դանիէլ, հարցնում եմ քեզ երկրորդ անգամ.
Ի՞նչ արժե բանաստեղծի արյունը։
Այն իրո՞ք ավելի արժեքավոր երկրի վրա է,
քան երկնքում։
Նրանք այստեղ չափազանց շատ են
հայցում այն։
Դանիէլ, նրանք ուզում են չափել
արյանդ հիմնայնությունն ու հասկանալ՝
արդյո՞ք այն բավարար թթվային չէ
բանաստեղծի համար։ 

Նրանք ուզում են ուսումնասիրել՝
ինչքան է եղել դեպ մահ քայլքիդ տևումը։
Եթե դու չես քայլել,
կամ ընդամենը մի քիչ,
պիտի երախտապարտ լինես ոճրագործին՝
բարության համար։
Նրանք ուզում են բանավիճել՝
Արդյո՞ք տրվել է քեզ ուտելիք,
երբ դեպ ի մահ ես ընթացել,
չէ՞ որ ամենափոքր փշուրները
ոճրագործի ձեռքից
ի զորու են ջնջել
նրա պատմության արյունը։
Նրանք ուզում են հաշվել կրկին
մարմինների քանակը,
որովհետև ուռճացված են գուցե
մահվան գանձումները,
և վիճակագրությունը կարևոր է.
մեկ, երկու, երեք,
չորս, հինգ, վեց, յոթ,
ութ, ինը, տասը, տասնմեկ,
տասներկու, տասներեք, տասնչորս,
տասնհինգ, տասնվեց, տասնյոթ,
տասնութ, տասնինը, քսան,
քսանմեկ, քսաներկու, քսաներեք,
քսանչորս, քսանհինգ, քսանվեց, քսանյոթ,
քսանութ, քսանինը, երեսուն, երեսունմեկ,
երեսուներկու, երեսուներեք, երեսունչորս,
XXXV, XXXVI, XXXVII,
XXXVIII, XXXIX, XL,
 XLI, XLII, XLIII, XLIV,
XLV, XLVI, XLVII, XLVIII...
Եթե մահացածների թիվը
քիչ է միլիոնից,
Այս կինը դառնում է բժիշկ
պատմության ու փաստերի։


Զոհերի հուշերը կսպանեն նրանց,
ովքեր ժխտում են. նրանք ժառանգել են
իրենց նախնիների ոճիրը։
Հանգիստ, Դանիէլ.
ամենավատն ավարտվեց։
Գիտությունն ասում է, թե անհնար է
մարդկանց ստորջրյա շունչը,
թե թոքերը հետաձգում են
խեղդվելու սահմանը
մինչ մի րոպեն,
բայց երբ դա ավարտվում է,
ուղեղը հակվում է «Դ» տառին բառարանում,
մատները սահեցնելով բառից բառ,
մինչ ժամանակակից բժշկությունն անգամ
չի կարողանում վերադարձնել քեզ։
Բայց ինձ սա ճիշտ չի թվում։
Հալածյալների համար
հնարավոր է շնչել
անմեղ արյան տակ,
առանց օդի երես տեսնելու։


Այլապես ո՞նց է
պահպանում Աստված ազգին
ոչնչացումից։
Ինչու՞ պատմության անտարբեր աչքերը
երբեք չեն վկայել
հաջողված ցեղասպանություն։
Դանիէլ, պատմության էջերն ազնիվ են,
բայց ազնիվ լինել կարող են միայն
ամենի հետ, ինչ տեսել են։
Պատմությունը անձ է,
 ով պիտի խոսի երեկույթից,
ուր հավաքվել են հազարավոր մարդիկ,
անժամանակ,
սեղմելու ամեն մեկի ձեռքը։
Օտար գրիչների լեզուները
համտեսել են մեր թափած արյունն
ու արտաբերել.
«Ցեղասպանություն»։
Օտար վրձինների մատները
բացել են պատմության բռունցքն
ու ափը ներկել կարմիր։
Օտար ոսպնյակները շատ աչքեր
հայել տվին մարմիններին
ու ձեռքերով պահեցին նրանց,
ովքեր չկարողացան նայել,
բայց պատմությունը չունի
ամեն մեկի ձեռքը սեղմելու ժամանակ։
Երգեր են մնացել
քամու ականջների որբանոցում։
Ժպիտներ են կորել
անլուսամուտ գրադարաններում։
Բարկություններ են ճամփորդել
ծրարներում անհասցե։
Հույսեր են մոռացվել
կրոնական վիտրաժների
հանգուցյալ շողերում։
Բանաստեղծները կարող են
փորձել վերծանել քամու այբուբենը,
նրանք կարող են երկար թակել
անլուսամուտ գրադարանների
պողպատե դռները,
վերցնել դատարկ մի ծրար ու
հասցեագրել այն կրակին։
Կարող են լույս բերել
ավերված եկեղեցիներին,
Բայց անգամ նրանք ի զորու չեն
ստիպելու պատմությանը
ասել բաներ, որոնք նա չի տեսել,
բանաստեղծը կարող է
միայն պատկերացնել,
թե ինչքան երկար
կկարողանար պատմությունը
բաց պահել աչքերը,
թե պետք լիներ նայել
ամեն մեռած երեխայի,
ամեն բռնաբարված կնոջ
արտահայտությանը։
Բանաստեղծը միայն
պատկերացնել կարող է,
թե ինչպես պատմության
օբյեկտիվ ձայնը կդողար,
թե պետք լիներ հաշվել
ամեն մեռած մարմին։
Թե երբ սառը թևերը պատմության
վերջապես կընկնեին,
երբ պետք լիներ ամեն դիակ
Վերադարձնել իր գյուղ, թաղել այնտեղ։
Բանաստեղծը միայն պատկերացնել կարող է,
թե ինչքան արյուն է ի վիճակի
մարսել պատմությունը,
նախքան նրա արխիվները նետվեն
գարշահոտ ճշմարտության մեջ։



Դանիէլ, հարցնում եմ քեզ երրորդ անգամ.
Ո՞րն է բանաստեղծի արյան գինը։
Պատմությունն անցյալի հովիվն է,
բայց նրա հոտը այնքան է ընդարձակվել,
որ անհնար է տեսնել՝ որտեղ է ավարտվում։
և նա ավելի ու ավելի քիչ է վախենում մահից.
ժամանակ չկա՝ նկատելու մեկ֊երկու մահը։
Բանաստեղծությունն ապագայի ուղեկցորդն է,
բայց տանուլ է տվել
ժամանակի դեմ ճակատամարտը։
Նա ուզում է փրկել ամեն կյանք,
բայց չկա բավականաչափ թուղթ՝
հալածյալներին դատարկ էջերում
 թաքցնելու
ու ազատություն տալու համար։
Դանիէլ, դու չունեցար
թղթի սպասելու ժամանակ։
Երբ քեզ խոշտանգելու համար
անտառ քարշ տվեցին,
Արնոտ եղունգներով ծառին
քերծեցիր բանաստեղծություններդ,
 երբ չկային այլևս եղունգներ,
 ու միայն արյունը կար՝ գրելու համար։
Դանիէլ, ծառերի հիշողությունները
ամենաերկարակյացն են,
անգամ երբ նրանց կյանքն է կարճ։
Նրանց մի մասը կարող է
նոր կյանքեր բողբոջել արմատներից։
Դանիէլ, ես հասկացել եմ, որ
արյան պատմությունը
գրադարաններում չէ։
Գիտելիքի ծառերը,
որ տնկել ենք արխիվներում,
չեն կարող կլանել
հուղարկավորված ձայները
ու տանել դրանք տերևներին.
դրանց արմատները հողի մեջ չեն։
Դանիէլ, թիվ չէ արյան պատմությունը.
այն հավերժական խորհուրդ է։
Ասում են, թե հասարակության դաժանության չափումը
հիմնվում է բանտերի թվաքանակի կամ
կանանց հանդեպ վերաբերմունքի վրա։
Բայց սա ինձ կեղծ է թվում.
Թափված արյան ծավալի ո՞ր չափումներն են
ամենից չափազանցվածը.
քանի՞ անգամ պետք է հասարակությունը
հորինի նոր բառ ՝ սահմանելու համար
մարդկանց զանգվածային կոտորածը՝
ազգության, էթնիկ խմբի կամ կրոնի հիմքով.
եղեռն, գենոցիդ, հոլոքոստ.
Ո՞րն է հաջորդը։
Դանիէլ, ես հույս ունեմ, թե սխալվում եմ
հավերժության մասով։
Մարդկային տառապանքը չի վերջանալու,
Բայց ես հուսով եմ՝ «հոլոքոստն» է
վերջին եզրույթը տառապանքի,
որը պիտի հորինեինք։
Դանիէլ, ո՞րն է տարբերությունը
մեկ մահի և տասը միլիոն մահի միջև։
Պատմությունը բացում է աչքերը
ու կշռում կորուստը կշեռքով։
Բանաստեղծը փակում է աչքերն
ու չափում սրտով։
Ցեղասպանության գրադարանը
կառուցված է հայելիներից.
երբ պատմությունն է մտնում ներս,
անցյալն իր արտացոլքն է տեսնում,
Բայց գրադարանը երբեք չի ասում
արյան կենսագրին,
թե բոլոր հայելիները երկկողմանի են,
ու բանաստեղծները նայում են դրսից։
Միայն բանաստեղծը կարող է
հարցաքննել պատմությանը։
Միայն բանաստեղծը կարող է
պատմությանը դատի տալ։
Բանաստեղծի աչքերը կայծակի
երկու առկայծումներ են, որ գիշերներն
անտառին են հարվածում։
Բանաստեղծի վկայությունները հ
ավաքված են սրբերից։
Դանիէլ, քո որդին ծնվեց քո մահվան օրը,
Բայց նույնիսկ
բանաստեղծի լեզվի շքեղ տունը
չունի բավարար տարածություն՝
այս երկու հյուրերին միաժամանակ
ներառելու համար։
Դանիէլ, քո կինը չերկնչեց
անվանել որդուդ «Հայկ»,
երբ ոճրագործի քիթը շեղբ էր դարձել՝
հայկական արյան ետևից։
Դանիէլ, ապրողը չի կարող հասկանալ
«գենոցիդ» բառը,
և միայն կարող են զոհերը,
որ հեղեցին իրենց կյանքը
Արյան բառարանի «Գ» տառի վրա՝
սահմանելու համար այս բառը,
ճշմարտապես իմանալով նրա իմաստը։
Սա է տառապանքը երեխաներիդ,
որոնք ստիպված չեղան տևել։
Դանիէլ, բանաստեղծները
գիտեն որտեղ փորել՝
կառուցելու համար ջրհորներ,
որոնք կբարձրացնեն
իրենց հիմքի արցունքները,
Բայց բանաստեղծներից
ավելի բարդ բաներ են պահանջվում.
խոսել ազնվությամբ երեխայի,
որ լավ պատմող է,
բայց թույլ՝ ստող։
Դանիէլ, բոլոր երեխաները գիտեն՝
ինչ է արյունը,
անգամ երբ գաղափար չունեն,
թե արյան միջին հիմնայնությունը 7.40 է,
պարունակում է 4.2-6.1 միլիոն էրիթրոցիտ։
Ինձ թվում է՝ բոլոր երեխաները
կարող են ճանաչել
ցեղասպանության արտահայտությունը,
անգամ երբ այն կրի
փոքր թվերի բարեկամական դեմք։


Դանիէլ, բանաստեղծները ստում են,
բայց միայն երեխաների պես.
նրանք արյան անոթից են գողանում ճշմարտությունը,
բայց երբեք չեն մաքրում իրենց բերանը։
Բանաստեղծները հնագետներից ավելի լավ գիտեն՝
որտեղ գտնել ցեղասպանության գերեզմանները,
և եթե կտրվել են նրանց ձեռքերը,
նրանց գրիչները կարողացել են դեռ փորել,
Բայց նրանցից հայցվել են անհնարին բաներ.
մոտենալ պատշաճության չորացող ցեմենտին
և գրել «Ներողամտություն» նոր,
կարծրացած ճանապարհների վրա,
որոնցով պիտի քայլենք։

Դանիէլ, զղջման ծառը չի տա 
 հասուն պտուղներ,
թե տեսնի, որ մենք պահանջում ենք առանցքներով,
և մենք կպատռենք նրա արմատները՝
ամբողջ անկորիզ խաղողն ուտելուց հետո։
Բանաստեղծներն աշխարհագրագետներ են,
ովքեր կորցրել են իրենց հայրենիքը,
և հիմա  պիտի զննեն դաշտերը,
գետերը, սարերը, որոնք էլ չեն արձագանքում
իրենց նախնիների անուններին։
Բայց անգամ սա դժվար բան չէ նրանց համար.
նրանց ավելի հեշտ է թվում
ափսոսանքով նավարկելը
պատռված առագաստներով,
քան ճչալը լեռան գագաթի ձյունածածկույթին։
Բանաստեղծները ստեղծում են իրենց գրիչը՝
խառնելով մաշկի բոլոր այն գույները,
որոնք պետք են դիմանկարչին,
մենք կարող ենք ամեն մեկի ձայնին
հաղորդել հենց իր նրբերանգը,
Բանաստեղծներիս համար դժվար չէ
լսել լուռ աղոթքը մարզադաշտի ներսում,
որտեղ հույսը միշտ այցելող թիմն է,
ու երբեք շանս չկա։
Բանաստեղծներն ավելի շուտ
կպատասխանեին աղոթքներին,
քան կօգտագործեին իրենց ականջները,
որ շներից են ժառանգել՝
գրելու համար անլսելի խնդիրների մասին։
Բանաստեղծներն ավելի շուտ
կդադարեցնեին արնահոսությունը պատմության,
քան կօգտագործեին
հոտառությունը, որ շնաձկներից են ժառանգել,
գրելու համար արյան մասին,
որն ուրիշները չեն կարող հոտոտել։
Բանաստեղծներն ավելի շուտ
կվերացնեին խավարն առմիշտ,
քան կօգտագործեին աչքերը,
որ բվերից են ժառանգել՝
փաստելու համար հանցանքները,
որոնք չեն կարող մյուս վկաները տեսնել։
Բանաստեղծները
կնախընտրեին մեկ ճանապարհ՝
դեպի անվտանգ գյուղ,
քան կօգտագործեին իրենց միտքը,
որ Աստծուց են ժառանգել՝
արձանագրելու համար
դեպի բռնապետություն տանող
բոլոր ճանապարհները։
Բանաստեղծները ավելի շուտ
կհանեին ջրից մեկ մարդու,
քան կօգտագործեին իրենց թոքերը,
որ ձկներից են ժառանգել՝
հայտնաբերելու համար
ողբերգության փլատակները։
Ո՛չ, Դանիէլ, նրանք քեզ
բառերի՛դ համար չսպանեցին։
Բանաստեղծի մեղեդիները
մեղմորեն են երգվում
կյանքի ընթացքի հետևում։
Ովքեր առջևում են, երբեք չեն նկատում,
որ բանաստեղծները կան, մինչ
պատմությունը գնում է հետ
ու ասում առաջնորդներին, թե  հեռացել ենք։
Ո՛չ,Դանիէլ, նրանք ստիպեցին քեզ
հանձնվել բանաստեղծ լինելուդ,
նախքան ուրվականի հանձնվելդ,
Նրանք վերցրին
քո անավարտ ձեռագիրը,
թանաքի վերջին կաթիլները,
Դատարկ թղթերդ բոլոր։
Ո՛չ,Դանիէլ, քեզնից ակնկալվում էր
ոչ թե մեռնել որպես բանաստեղծ,
այլ զուտ մեռնել ինչ֊որ կերպ։
Ի՞նչը պատսպարեց քեզ։
Ինչպիսի՞ մեքենայությամբ
հանեցիր ներսիդ բանաստեղծին
հուսահատության բանտից, երբ միակ բանը,
որով ի զորու էիր փաթաթել նրան,
կիսաթափանց քողն էր։
Ո՛չ, Դանիէլ, նրանք չեն վախենում
քո բառերից։
Բանաստեղծները չեն թշնամանում.
հակառակորդները վնասում են իրենք իրենց՝
լինելու համար ինչպես ախտեր։
Ոճրագործները վախենում էին
պատմությանը քո մահվան վկա թողնելուց
և իրենց ոճիրների շքերթը փոփոխելուց։
Քո անավարտ ձեռագիրը՝ «Հացին երգը»,
փրկվել է կնոջդ շնորհիվ,
հայ քահանայի օգնությամբ։
Դրա համար պահանջված գինը կաշառքն էր։
Եւ ինչպես էին նրանք վախենում քո բառերից,
որոնք խոսում էին դաշտերից, մշակներից,
ու սնում էին մեր մարդկանց ոգին.

«Սերմանողն է: Հաղթահասակ կը կանգնի
Մայրամուտին շողերուն մեջ ոսկեթույր:
Ոտքին առջև անդաստաններն հայրենի
Կը տարածեն մերկություննին անպարույր»։

Ցույց տուր մեկին,
ում կթշնամացնեին այս բառերը։
Դանիէլ, սա՞ է
թշնամի համարվելուդ պատճառը.

«Հունձք կը ժողվեմ մանգաղով,
― Լուսնակը յարս է―
Ակոս ակոս ման գալով,
― Սիրածս հարս է:
Գլխեբաց եմ ու բոպիկ,
― Անո՜ւշ են հովեր―
Արտերուն մեջ թափառիկ,
― Մազե՜րս են ծովեր:
Ցորեն, կակաչ, կարոտով,
― Կաքավը կու լա―
Կապեցի մե՛կ նարոտով,
― Ձեռքերն են հինա:
Հասկերուն մեջ, վերևեն,
― Ասուպը անցավ―
Աստղեր մյուռոն կը ծորեն,
― Դեմքը լուսացավ»։

Ո՛չ, Դանիէլ, ոչ ոքի չի վախեցնում
բանաստեղծը ինքնին.
Վախեցնողը բանաստեղծին
որպես բանաստեղծ սպանելն է։
Դանիէլ, ցեղասպանությունն
արյան բոլոր տեսակներով
շաղախված կծիկ է։
Ցեղասպանությունն ավազե ժամացույց է՝
զոհերի մոխրով լցված։
Ցեղասպանությունն արևի ժամացույց է՝
քարշված դեպի Հադես։
Ցեղասպանությունը
դևերի կարմիր թանաքով ուղղված
ուտոպիական վեպ է ու բանաստեղծություն։
Ցեղասպանությունը միլիոնավոր
ընտանեկան լուսանկարներն են՝
շրջանակված դատարկ կողմի վրա,
ներկայացված Ատելության թանգարանում։
Ցեղասպանությունն անպատնեշ գյուղ մտնող
Տրոյական ձի է։
Ցեղասպանությունը
փոփոխականի ներսում թակարդվելիս
զրոյական կետին հանգումն է։
Ցեղասպանությունը թարգմանիչ է,
ում թվում է, թե միայն իր մայրենի լեզվում է
«տառապանք» բառը։
Դանիէլ, այս է ամենը,
ինչ մտածում են ցեղասպանության մասին
բանաստեղծները։
Բայց ավելի ճշմարիտ է,
թե մահը սենյակ է՝ լի ժամացույցներով,
Որոնք աշխատում են մութի մեջ միայն,
առանց սենյակում ներկայություն
զգացնել տալու։
Բանաստեղծը կարող է պատկերացնել
ինչ որ տեսել է,
Բայց չի կարող տեսնել այն,
ինչ որ չի տեսել։
Դանիէլ,
սա իմ ցեղասպանությունն է, և իմը չէ։



Ես փորձում եմ հասկանալ քո կրակը՝
ոտաբոբիկ քայլելով պատմության ածուխներով,
Բայց ժամանակն ընթանում է և ի զորու չի լինում
հավետ կրելու ետին մասերի ջերմությունը։
Ամեն տարվա հետ լքվում է տունը,
ու ժառանգները ավելի ու ավելի
խորքեր պիտի գնան հիշողության անապատում՝
գտնելու իրենց նախնիներին։
Այո, ժամանակը վազում է
առանց գլխի հետևում աչքերը բացելու։
Ժամանակը միշտ է եղել
ոճրագործի լավագույն փաստաբանը։
Ժամանակը միայն թարմ արյուն է ուզում գնել
ցեղասպանության շուկայում։
Այն փաթեթավորում է նոր սպանդ
և ապրանքը դրոշմում ժամկետի կնիքով։
Ժամանակը հիվանդանում է, երբ չի խժռում։
Լուրերն ասում են, թե հարյուր տարին բավարար է
առանց զղջման առաջ շարժվելու։
Ո՛չ, Դանիէլ, մենք թույլ չենք տա ժամանակին՝
դառնալ ընդունելի ապացույց։


1000 տարին անգամ չի լինելու
արյունը բառերից մաքրելու
ու դրանք որպես «նոր ապրանքանիշ»
աշխարհին ներկայացնելու
ոճրագործի ժամանակը։
Մենք հսկա սեքվոյայի
համբերություն ենք ներշնչելու
մեր երեխաներին։
Մենք քաշելու ենք մոլախոտերն
իրենց կարեկցանքի պարտեզներից
իրենց իսկ ժպտացող, ստախոս բերաններով։
Մենք սովորեցնելու ենք
ուղեղի վիրաբույժի սթափություն
ու ֆրանսիացի գինեգործի վարպետություն,
ավերված վանքերի լռության ներդաշնություն,
լռությունը՝ աղաղակների մեջ հերքված գրքերի,
որոնց չեն կարդում այլևս։
Ո՛չ, Դանիէլ, մենք չենք վերաբերվի ժամանակին
ինչպես մարդիկ, ովքեր
կառուցում են ստորգետնյա հողմաղացներ։
Հայ ձայների քամին շարունակելու է թերթել
էջերը գրքերի և արմատավորել
սերունդներին երգերով,
որոնք մոռացնել են ուզում ժխտողները։


Դանիէլ, ես լսում եմ քո բառերը.

«Գրասեղանիս վրայ, սա
Սկաւառակին մէջ կայ բուռ մ՚հող, բերուած հոն
Հայրենիքի դաշտերէն:
... Ա՜զգ մը կայ հոն, սեղանիս վրայ ազգ մը հին,
Որ այսօր իր վերաշողշող այգուն մէջ,
Հողի բնատուր մարմնոյն տակ ինձ կը խօսի»։

Դանիէլ, մենք ունենք բանաստեղծներ՝
երկիրը հերկելու կամքով։
Սերմնացաններ, որ կարող են
աղոթել անձրևի համար։
Քահանաներ, որ պատրաստում են գինի,
Ուսուցիչներ՝ հերկել, աղոթել,
գինեգործել սովորեցնելու կամքով,
Գրադարանավարներ՝ պատրաստ լսելու
նորածինների ճիչը,
քանի որ մայրերը տանում են հին գրքեր,
Բժիշկներ՝ մեր մեռյալներին
հուղարկավորելու կամքով,
Երաժիշտներ՝ պատրաստ լսելու
մեր ազգի կանչը,
Զինվորներ, որ կարող են
հաղթանակ նվագել
ու պաշտպանել կիթառ նվագելով։
Դերասաններ՝ պատրաստ կրելու
 իրական զենք,
 ի պաշտպանություն մեզ,
քանդակագործներ, ովքեր կարող են
ստեղծել անհայտ մարդկանց
մարմարե կիսանդրիներ։
Ցեղասպանությունը տվել է մարդիկ,
ովքեր չունեն հռչակ,
բայց արժանի են մարմարի։

Դանիէլ, ինչպե՞ս իմացար,
որ այս հողը արյամբ է պարարտացվել.

«Գուցէ իր գոյնը բոսոր
Չէ պարգեւուած բնութեան ներհուն օրէնքէն.
Վէրքերու սպունգ մ՚ըլլալով
Խմած է մաս մը կեանքի, մաս մ՚արեւու.
Եւ իբր տարր անպաշտպան
Կարմիր հող մ՚է եղած, հայ հող մ՚ըլլալուն»։

Դանիէլ, մենք կաճեցնենք
լոլիկ, ելակ, բալ ու նուռ,
Մինչ հողը մեռնի ծարավից,
Մենք չենք վախենա ցողել կարմիր գինի,
մինչ դառնա այն արյունը Քրիստոսի։
Մեր իղձը համբերատար է
ինչպես ժամացույցները,
որ գայթակղում են կոնյակով,
Մեր համբերությունն անցողիկ է
ինչպես միլիոնավոր եկեղեցիներում
նույն պահին վառված մոմեր։
Դանիէլ, ես զգում եմ քեզ նման.

«Ու այն ատեն լարը ջղերուս կը դողայ
Սարսուռով մ՚յորդ, ա՛յն սարսուռով ՝ որ մտքին
Հերկերուն վրայ աւելի՛
Ըստեղծիչ է քան գարնան հովն արփագաղջ:
Ու կը զգամ անցքն ուղեղէս
Նոր յուշերո՜ւ, հոգիներո՜ւ դեռ կարմիր
Խոր վէրքերովն իրենց, վրէժի՛ շրթունքներ»։

Դանիէլ, մենք ձգվում ենք առ վրեժ,
Բայց հրացանների ձայն
փողերով ենք արձակելու
Իրական զենքերի կրակի փոխարեն։
Մենք առաջինն ենք նկարելու արյուն,
կարմիր ներկը՝ մեր վտանգված
Որդան կարմրով,
ոչ թե ցավով թշնամիների։
Առանց մյուս կողմի զղջման՝
մեր քաղաքական գործիչները
չեն դիմելու դիվանագիտության,
Եւ միայն զինվորները չեն, որ
բեռնվելու են զենքերով.
մենք զինելու ենք
մեր բանաստեղծների գրիչը,
և նրանք են դուրս գալու մարտի։
Մենք դատարկ փամփուշտներում
արյուն ենք լցնելու
ու արձակելու՝ ի հիշեցում
մեր մարդասիրության։
Բայց մենք կկուրացնենք
մեր ողորմածությանը
հակառակորդի սպիտակ դրոշով,
թե արնոտ դանակ տեսնենք
նրա մյուս ձեռքին։
Դանիէլ, վրեժխնդրությունը
ճակատամարտ է,
որ պետք է հաղթել
 առանց պատերազմի։
Ցեղասպանության գրադարանը
արգելում է մարդասպաններին հրավիրել,
և ապա մերժում նրանց ելքը՝
արձանագրելու իր արխիվների
մեղավոր արյունը։
Դանիէլ, մենք պիտի կռվենք
մեր արյամբ լվացված
ճերմակ դրոշներով,
մինչ պատմությանը հանձնվի
դարերի հակակրանքը։
Մեր ցասումը պիտի լինի ռումբ,
որ պայթում է, երբ ժամանակի չափիչը
հաշվում է մինչև անվերջություն։
Մեր վրեժխնդրությունը՝ ավելի հանդարտ,
քան պատերազմից վերադարձած
զինվորների զենքերը։
Այո, Դանիէլ, մենք թույլ կտանք
մեր թշնամիներին հերքել,
մինչ կորցնեն իրենց
մարդկային կերպարանքը։
Սա միակ պատերազմն է,
որ կարող ենք հաղթել,
Բայց դեռ պիտի սրենք մեր գրիչներն ու
թաթախենք վրձինները կարմիր ներկի մեջ։
Դա է ուղին՝ հատելու սահմանը թշնամու՝
առանց նրա տարածքը հատելու. 
Սա է մեր զրահին արժանի պայքարը։

Դանիէլ, իմ սիրտը մանկական գրադարան է՝
գերեզմանոցի հարևանությամբ,
որն այլևս նոր մարմնի տեղ չունի։
Ցեղասպանությունները միլիոնավոր մեռած
բառային արտահայտություններ են,
որ փորձում են արյունոտ կլիշեներ արթնացնել,
որպեսզի կարողանան բարձրանալ հատակից
ինչպես անմոռուկի դաշտում աճող
թարմ բանաստեղծություններ։


«Այլևս երբե՛ք»։
«Մենք երբեք չե՛նք մոռանալու»։
«Արդարադատությո՛ւն»։
«Մենք պահանջո՛ւմ ենք ճանաչում»։
Բանաստեղծությունը չի հանդուրժում
արյունոտ կլիշեներ։
Բայց քաղաքական գործիչները գրում են
նույն արյունոտ ցեղասպանությունները
կրկին ու կրկին՝ մերժելով կարդալ
պատմության անավարտ էպոսը,
Արյան էջերը,
որոնք ամբողջացնելու ժամանակ
անգամ Ժամանակը չի ունեցել.
միայն մարդկության մահով
այն կավարտվի։
Դանիէլ, ես հոգնել եմ հարցնելուց՝
ինչ արժե բանաստեղծի արյունը։
... քո սիրտը ճերմակ ծաղրասարյակ էր՝
սպանված գիշերը,
Քո աչքերը երկու սև հովազ էին՝
ձնաբուքն ընկած։
Քո ձայնը համերգասրահում մորթված գայլի
վերջին ճիչն էր։
Քո ժպիտը պատերազմի ժամին
երկու ազգի միջև ձգվող կամուրջ էր։
Քո միտքը բանաստեղծություն էր
ու քո բանաստեղծությունը վարորդ էր,
ով գեղատեսիլ վայրեր էր տանում
առանց ուղևորներից գանձելու ավելին։
Դանիէլ, սա էր այն, ինչ էիր.
Ես չեմ ուզում պատմել որևէ մեկին
արյանդ գինը.
կկարդան, իրենք կորոշեն։
Իմացածս այն է, թե մեկ մարդու մահը
ցեղասպանություն է, եթե սպանում ես
այդպիսի միայն մեկի։
Ասա ինձ, ապա, ո՞վ է հենց այն, նույնը, ինչ ուրիշը։


Ո՛չ, Դանիէլ, նրանք կարող են իրենց վերցնել
թվերն ու հաշվիչ մեքենաները՝
մեզ համար լացելու։
այն, ինչ ուզում ենք, կարեկցանքը չէ,
այլ արդարադատությունը։
միայն հաջողված ցեղասպանության
 (Աստված մի արասցե)
զոհերն են ցանկանում կարեկցանք,
որովհետև նրանք այլևս չունեն սերունդներ,
որոնք արդարադատություն կփնտրեն,
որովհետև կարեկցանքն
առանց արդարադատության
ծաղր է ցեղասպանության
կենդանի ժառանգների հանդեպ։
Ցեղասպանությունն
առանց արդարադատության
սիրալիր հարևանդ է, ով երբեք
չի այցելում դատարկաձեռն,
երբ անձրևում է,
բայց և չի հանում կոշիկները
նախքան քայլելը
նախնիներիդ գորգի վրայով։
Մարդիկ չեն կարող ապրել հավերժ,
բայց մենք կարող ենք պահանջել հավերժ.
մենք կսպասենք արդարադատության
ինչպես ընդարձակ տների
կոպիտ փոստարկղեր։
Այնքան կսպասենք,
ինչքան կանգուն են տները.
արդարադատությունը,
որի պարտապանն ենք մենք,
միշտ ունի հասցեագրման կարիք։



Դանիէլ, մեր երկրի չափերը
երբեք բավարար մեծ չեն թվում՝
արդի քարտեզի նայելիս.
մեզ ստիպել են լքել մեր տները,
պատերազմներին զիջել ենք տարածքներ թշնամուն,
Թողել ենք հողը, որ ի զորու չենք եղել պաշտպանել,
ազատագրելով միայն փոքր կտորներ,
և դեռ թշնամու աչքին մեր փոքր ազգը
չափազանց մեծ տարածք է զբաղեցնում քարտեզին։



Մենք 142-րդն ենք տարածքի մեծությամբ,
բայց ունենք ամենահին մշակույթներից։
Մենք տեսել ենք գալն ու գնալը նվաճողների,
ապրել ենք պաշարման ու ազատության մեջ,
և մեր հողը անձնագիր է դարձել՝
անթիվ ազգերի արնոտ մատնահետքերով։
Մենք երբեք չենք ունեցել
Ալեքսանդրի կայսրությունը,
չենք ունեցել Ամերիկյան երազանք,
Չինական մետաքս,
Սեփական Կեսար,
բայց Մետաքսի ճանապարհը
մեր երկրով է անցել,
և Կեսարը գիտեր մեզ,
մենք նվաճվել ենք Ալեքսանդրի կողմից
և հասել Ջեյմսթաուն նախքան այն
քաղաք կդառնար։
Սա է մեր արյան գույնը.
այն բուրում է ինչպես
հին գրքերով լի նկուղ,
գրքերով, որոնք դարեր ի վեր
չեն ընթերցվել։
Այն ունի հազար տարի
տակառում մոռացված գինու համ,
թվում է մլակներով լի ավազան,
որին երբեք չի շարժել բնությունը։
Այն հնչում է որպես բարձրաձայն ջրվեժ,
որ դեռ չեն հայտնաբերել մարդիկ։
Այն ավելի լուռ է, քան գագաթը
չնվաճված բարձր լեռան։
Հայաստա՛ն, ինչու՞ չես ուղղակի հեռանում։
Ինչո՞ւ չես դադարում արդարություն պահանջել։
Մենք չենք ուզում քո փտած գինին
կամ քո թափած արյունը, որ հարյուր տարի է՝
չորանում է անապատում։
Բրիտանիան չի ուզում թաթախել ձեռքերը
մլակներով լի ջրավազանը, որովհետև կկծեն։
Քո ցավն այնքան բարձրաձայն է,
բայց և այնքան հեռու։
Այո, ի սեր Աստծո, մենք լսում ենք քեզ,
բայց չենք կարող վտանգել
մեր քաղաքական կապերը,
մենք իսկապես ուզում ենք հասնել քեզ,
բայց պատրաստ չենք քայլ անելու
մեր հարևանի ցանկապատի վրայով,
որ հստակորեն քո արյամբ է նկարված։

«Նորին մեծության կառավարության դիրքը, որի մասին խնդրեց պարզաբանում անել ազնվագույն բարոնուհին, կարծում եմ, քաջ հայտնի է եւ հասկանալի, սակայն իրոք այն արժե կրկնել այսօր մեկ անգամ եւս։ 1915֊1916թթ. դեպքերը մնում են որպես ցավագին խնդիր եւ որպես լարվածության աղբյուր երկու երկրների՝ Հայաստանի եւ Թուրքիայի հանրապետությունների միջեւ, որոնց հետ մենք պահպանում ենք հիանալի հարաբերություններ։  Ինչ վերաբերում է մեզ, մենք կարծում ենք, որ գերադասելի է նայել առաջ, այլ ոչ ետ։ Մենք հուսով ենք, որ այս երկու երկրներն ընդունակ կլինեն հաղթահարել պատմության դառը ժառանգությունը ի շահ իրենց սեփական, եւ տարածաշրջանի, ինչպես նաեւ միջազգային հանրության շահերի։ Մենք պնդելու ենք, որ նրանք այդպես վարվեն»։
Լորդերի պալատ, 1999

«Արտաքին գործերի նախարարության փաստաթղթերում կա 1995 թ.-ին արված մի խորհուրդ՝ ուղղված այն ժամանակվա պահպանողականների կառավարության արտաքին գործերի նախարար Դուգլաս Հոգին, ըստ որի՝ նա պետք է մերժի զոհերի հուշ երեկոյի արարողությանը իր մասնակցությունը և փորձի քաջալերել այդ փաստերի վերաբերյալ պատմաբանների անհամաձայնության մասին գաղափարը։ Կառավարությունը մերժել էր Հայոց կոտորածը ներառել որպես հոլոքոստի հիշատակման օրվա մաս»։
The Guardian, «Բրիտանիան մեղադրվում է Հայոց ցեղասպանության ժխտման մեջ» (2009) [2]

«Վերջապես, 2007թ. հոկտեմբերին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, արտաքին գերատեսչությունը գրեց ահազանգող հուշագիր՝ արտահայտելով իր մտահոգությունը, որ «հայկական սփյուռքի աշխարհատարած լոբբիստական մեքենան այժմ կանցնի գերագնահատման»։
Huffington Post, «Ներքին փաստաթղթերը ցույց են տալիս, որ Մեծ Բրիտանիայի պաշտոնյաները մոլորեցրին խորհրդարանին Հայոց ցեղասպանության հարցով» [3]

«Ցեղասպանության ուսումնասիրությամբ Մեծ Բրիտանիայի արտգործ նախարարությունը երբեք հետաքրքրված չի եղել՝ ներառելով այն հարցերի մեջ, որոնցից ցանկացել է խուսափել։
2007 թվականին Ցեղասպանության տեսաբանների միջազգային ասոցիացիայի ընդունած բանաձևում որևէ անդրադարձ չկա այն մասին, թե «1914-23թթ. օսմանյան խուժումները դեպի կայսրության քրիստոնյա փոքրամասնություններ ցեղասպանություն է հայերի, ասորիների, պոնտացի ու անատոլիական հույների հանդեպ»։ Արտգործ նախարարությունը պարզապես խուսափում է այն  մտահոգությունից, որ ԱՄՆ արտաքին գործերի պալատը որոշել էր իրադարձությունները ճանաչել որպես ցեղասպանություն։ «Մենք կարող ենք ակնկալել, որ հայկական սփյուռքի աշխարհատարած լոբբիստական մեքենան կանցնի գերագնահատման» հայտարարությունը դժվար է համարել անկողմնակալ հետաքննողի լեզու։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը ավելի շուտ  ճշմարտության ցինիկ հակառակորդ է կամ վերջինը արտգործ նախարարություններից, որ երբևէ կընդունի այն»։
Ռոբերթսոն, «Անհարմար ցեղասպանություն», 2014

«Մեծ Բրիտանիայի կառավարությունը ռեկորդային է սոփեստության ոլորտում։ Այն բանից հետո, երբ 90-ականներին Թուրքիան դարձավ նրա ռազմավարական գործընկերը, արտաքին գերատեսչությունը կատարելագործում է մի շարք  օրենսդրական փաստարկներ՝ նախագծված կառավարության ընդունման համար, հավատացնելով ընտրազանգվածին, թե «ցեղասպանություն» եզրույթն այս պարագայում տեղին չէ։ Նրա ներկա դիրքը սահմանափակվում է նրանով, որ կընդունի այդ պիտակը միայն Միջազգային դատարանից հետո։ Սա ճարպիկ օրինական հնարք է, որով կարող են բացառվել պատմության բոլոր ցեղասպանուլյունների ճանաչումը»։
The Independent, «Զտարյուն սոփեստությունն է, որ Բրիտանիային թույլ չի տալիս ճանաչել Հայոց ցեղասպանությունը», 2015 [4]

Դանիէլ, մենք խորհրդանշում ենք Բրիտանիան
Բենջամին Ուայթաքերով.
Մեկ մարդու ձայնը կարող է լինել շատ ավելին,
քան լռությունը անթիվ վճռորոշ տղամարդկանց։
Ուրեմն, Դանիէլ, ի՞նչ արժե
մեկ մարդու կյանքն իրականում։
Ինչպե՞ս ենք մենք
սահմանելու ցեղասպանությունը,
երբ միջուկային պատերազմը մղում է մեզ
դեպի ոչնչացման եզրեր, որտեղ չի լինելու
միլիոնավոր մարդկանց
անհետևանք սպանություն։
Իրո՞ք մարդկային արյան արժեքը
առաջարկով ու պահանջարկով է չափվում։
Դանիէլ, հարցնում եմ քեզ նորից.
ո՞րն է տարբերությունը մեկի մահանալու
ու տասը միլիոնի։
Դա մեկ և տասը միլիո՞նն է։
Ինչի՞ն կանվանեին ոճիր Մարսի վրա,
եթե գտնվեին երկու մարսեցիներ,
որոնցից մեկն ապրած լիներ կոտորած,
ի՞նչ նոր, անաստված բառ կհորինեինք՝
ողբալու համար։
Թվերը ցեղասպանության երաշխիք չեն.
անկանոն բնույթը հոլոքոստի երաշխիք չէ։
Խոշտանգումների, տեղահանության կամ
բռնաբարությունների պակասը
չի բավարարում
Միջազգային քրեական օրենսգրքի
յոթերորդ հոդվածը։
Դանիէլ, դեռ ինչքա՞ն են
քաղաքական գործիչները
ցեղասպանության տապկնոցի խաղալու,
Զի դա է այն, ինչ անում են։
Դանիէլ, քաղաքական գործիչները
չափահաս են խոսելիս.
գործելիս դառնում են երեխաներ։
Դանիէլ, էական չէ՝ որտեղ ենք մենք.
Հայաստանի բեկորներ ենք կրում,
ինչպես դու.

«Գրասեղանիս վրայ, սա
Սկաւառակին մէջ կայ բուռ մ՚հող, բերուած հոն
Հայրենիքի դաշտերէն:
Նուէր է ան. ― Զայն ինձ ձօնողը կարծեց
Սիրտն իր տրուած, առանց երբեք գիտնալու
Թէ կու տար իր պապերունն ալ միասին»։

Դանիէլ, ժամանակակից
քարտեզագիրները շատ տարածություն
երբևէ չեն վատնել մեզ վրա,
բայց մենք դեռ ունենք բավարար հող՝
ամեն ժխտողի մի բուռ տալու համար,
որ նրա կարմրությունը տեսնեն։
Նրանք մեր տառապանքների
պատմական ապացույցներն են պահանջում,
մենք նրանց նյութական ապացույցներ կտանք։
Դանիէլ, իմ սիրտը գաղթական է,
փոխպատվաստ իր հայրենիքից,
իր մշակույթը դրսում պահելու համար։
Այս մարմինն իմը չէ։
Ես պատկանում եմ նրան
ու չեմ պատկանում։
Այն իմ տունն է, ու իմ տունը չէ։
Դանիէլ, մենք կառուցել ենք
մեր եկեղեցիներն
աշխարհի ամեն անկյունում՝
փրկելով նրանց այնտեղ,
որտեղ մեր արյունն է թափվել,
Մեր արյունը՝ օտար պատերազմներում։
Մենք կարևորվել ենք
օտար ազգերի մշակույթում։
Մենք դարձել ենք Arméniens de France,
Armenian Americans, Armeense Nederlanders,
Российские Армяне, Αρμένιοι της Κύπρου,
Schweizerische Armenier, armênio-brasileiros,
Եւ մենք հավատարիմ կլինենք նրանց,
ովքեր ընդունել են մեզ՝ չմոռանալով մեր
հայկական ժառանգությունը։



Դանիէլ, մեր մարդիկ սփյուռքի իրական պրիզման չեն,
նրանք ընկնում են լույսի մեկ ճառագայթի պես,
որն անդրադառնում է իբրև մի քանիսը։
Թշնամին չի կարող ստիպել մեզ
այն երկրներում, որտեղ ենք։
Կարող է հաղթել մեզ պատերազմում,
բայց չի կարող սպանել մեր լեզուն՝
բազում ձևեր առած,
Քամու ձայնով աշխարհով մեկ ցրված։
Դանիէլ, ես չեմ տխրում,
երբ լսում եմ հայերեն բարբառ,
որն օտար է ինձ։
Ո՛չ, ես ուրախանում եմ ինչպես երեխա,
որ փորձում է հասկանալ,
թե արևը կրակի մեջ չէ։
Մեր լեզվի հնչումը մերն է ու ամեն մեկինը.
մեր լեզուն Հայաստանում
պատրաստված ջութակ է,
որ նվագում են բոլոր ազգերից
մազեր ունեցող աղեղով։
Դանիէլ, արտերկրի հայերը
ուզում են տեղավորվել
նոր տան ու հին երկրի միջև,
նման երաժիշտների, որ փնտրում են
բեմոլներ ու դիեզներ B-ի և C-ի,
E֊ի և F֊ի միջև։
Մենք չենք կարող սպասել,
որ մեր հիմքը հանդիպի մեզ,
երբ հեռանում ենք նրանից
միակողմանի փողոցներով։
Մենք կարող ենք միայն
հետ նայել ու հուսալ,
որ մեր անցյալն ի վիճակի է
հետևելու մեզ այն արագությամբ,
որով նահանջում ենք։
Շատերը հայրենիք են վերադառնում
որպես զբոսաշրջիկ՝
այլևս ի զորու չլինելով
հասկանալու իրենց հայրենիքի մշակույթը։
Մի մասը հեռանում է հուզումներով լի,
եռանդուն՝ վերադառնալու ու
մարդաբանի դեր խաղալու,
երբեք էլ չդառնալով իր ցեղի լիիրավ անդամ։
Մյուսները տուն են վերադառնում հուսալքված՝
գիտակցելով միայն, որ պետք է թաղեն
հազարավոր հիշողություններ,
որոնք վերջերս չէ,
որ մահացել են։
Դանիէլ, Պարոն Սփյուռքի հիշողությունները
հին երկրի հին թերթեր են,
որոնք դուրս են եկել շրջանառությունից։
Պարոն Սփյուռքը հիշում է իր երկիրն ինչպես
վերնագիր առանց թվագրման։
Պարոն Սփյուռքը քանդակագործ է,
որը բերել է հայկական կաղապարներ,
բայց նրանցում միայն օտար հեղուկ է
կարողանում լցնել։
Նրան երբեմն տալիս են
կյանքի թատրոնից դուրս մղված
վտարանդու դերեր։
Պարոն Սփյուռքը բացում է
հայկական ռեստորան
ամբողջ աշխարհում՝ հուսալով պահել
տատի բաղադրատոմսի գաղտնիքը,
Բայց Հայաստանում աճող հումքը
չի հասնում նրան։
Նրա ուտեստները մայրուղու վրա են,
բայց համը դեռ շատ է հեռու
ոչ հայ բնակիչներից։
Պարոն Սփյուռքն իր երեխաներին պատմում է
ռեսուրսները սթափ գնահատելու մասին.
ինքն ու իր գյուղը ապրել են
առանց հոսող ջրի ու հոսանքի.
նրա երեխաներն, իհարկե,
կարեկցում են ու հասկանում,
Բայց ինչպե՞ս կարող են սովորել նրանք
մշտական ջուրն ու հոսանքը փայփայել,
Երբ երբեք տևաբար չեն մնացել ծարավ
և միշտ ետ են մղել խավարը,
երբ գիշերն իջել է
որպես անցանկալի հյուր։
Պարոն Սփյուռքը քայլում է քաղաքով՝
իր երկրի մեծության մասին պատմելով նրանց,
ովքեր հայ չեն։
Ինչպես է իր փոքր երկիրը առաջինն ընդունել
քրիստոնեությունը որպես պետական կրոն,
ինչպես կա Հայկական Քարահունջ,
որի մասին երբևէ ոչ ոք չի լսել,
ինբպես Եգիպտոսի առաջին վարչապետը հայ էր,
և այլ այդպիսի անկանոն պատառիկներ,
Բոլորը մատուցված անթերի
ամերիկյան առոգանությամբ.
երբեմն հարավային,
երբեմն բոսթոնյան,
երբեմն միջինարևելյան,
երբեմն նյույորքյան։
Դանիէլ, հոգ մի արա
սրտխփոցի արագության աճը.
մենք որոնում են տարբեր բաներ,
բայց միշտ տուն ենք վերադառնում
որպես հայեր։
Դանիէլ, ես գիտեմ, որ ուրախ ես
Պարոն Սփյուռքի համար,
որովհետև մեր մարդիկ
անում են առավելագույնը՝
չմոռանալու համար քեզ,
եթե նրանք արդարադատություն գրիչով
պահանջել չեն կարող,
երթի են դուրս գալիս։
Եթե չեն կարող գրել ու
ի վիճակի չեն քայլել,
կրթում են իրենց երեխաներին։
Դանիէլ, մենք գիտենք,
որ թշնամին հաշվում է
մարդկային հիշողության սահմանները։
Թշնամին ասում է.
«Երբ մեռնում է վերապրողը,
Չքանում է նրա ցավը հիշելու կարիքը»։
Ո՛չ, մենք թաղել ենք նրանց մարմինները,
Բայց ոչ նրանց բառերը։
Թշնամին ասում է.
«Երբ մահանում է վերապրողի զավակը,
նոր սերունդն իմանում է՝ ինչ է կատարվել,
բայց դառնում է ավելի ներողամիտ»։
Ո՛չ, մենք ստվերները չենք նրանց,
ովքեր ընդունում են մեր տառապանքը,
և մենք շարունակելու ենք
աղաղակել տան առջև,
որի ներսում քնել է փորձում ժխտողը։
Թշնամին ասում է. «Երբ մեռնի նոր սերունդը,
լռություն կիջնի վերջապես,
և կկարողանանք քնել
ժխտման տանը՝ առանց մեղքի»։
Ո՛չ, մեր բանաստեղծները կարձանագրեն
մեր ճիչերի երգերն ու
լուռ կշշնջան երեխաներին,
երբ նրանք քուն մտնեն։


Դանիէլ, պատերազմի հիշատակը
չի կարող հաղթել։
Հիշողությունը ամրոց է՝
կառուցված զինվորների կողմից,
ովքեր երբեք անվտանգության համար կռվելու
պետք չեն ունեցել։
Դանիէլ, սրանք են իմ հիշողությունները.
մեծ պապս՝ Դավիթ Դավթյանը,
նրա կինը, դուստրը, կնոջ մայրը:
Նրա վկայության համաձայն՝
կային 62 ընտանիքի անդամներ,
ովքեր փորձել էին փախչել կոտորածից,
բայց  նրանցից ողջ էր մնացել միայն 4-ը,
որոնցից մեկը եղել է իր հայրը՝ Միրիջանը։




(Իմ պապի պապը՝ Միրիջանը, 1959-ին։Նա փախել էր օսմանյան բանակի զորակոչի ժամանակ, որը ցեղասպանության ընթացքում կապ չուներ հայերի զինծառայության հետ, այլ արվում էր տղամարդկանց վերացնելու համար։ Նրա առաջին կինը՝ Ռեբեկան, մահացավ Իրաքում, երթի ճանապարհին։
Միրիջանը մահացավ Բուլղարիայում, որտեղ և արված են իր ու իր ընտանիքի այս լուսանկարները)։

Մարդկանց մարմինների ոչնչացումը
ցեղասպանության միսուարյունն է,
բայց մարդկանց հիշողությունների ոչնչացումն է,
որ հոգին է ցեղասպանության։
Դանիէլ, ովքեր որ ժխտում են,
դառնում են ավելի արյունալի մարդասպաններ,
որովհետև նրանք կանչված են
ցեղասպանության կողմից,
բայց մենք զինաթափելու ենք նրանց պատմությանը։
Երբ մեր սրածայր քարերը մաշվեն
ու չկարողանանք այլևս թարմ պահել
մեր հիշողության եզրերը,
կգնանք մեր զոհերի տապանաքարերի մոտ
ու կսրենք մեր հուշերն այնտեղ։
Ժխտումը երբեք չի կարող հաղթել մարտում,
որովհետև նրա ունեցած միակ զենքը
դեպի հետ կրակող ատրճանակներն են,
ու էական չէ՝ ինչպես կբռնեն դրանք։
Դանիէլ, մեր մարդիկ լսում են քո ձայնը.

«ՈՒ պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
- Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ -
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի...
- Ձեզի ընցա՜, քաջ մարտիկներ -
Եղեգնյա գրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո'ց ելաներ»։

Դանիէլ, մեր բանաստեղծները կշարունակեն
գրել այն, ինչ սկսելու հնարավորություն
դու չունեցար։
Ոչ մի բանաստեղծ չի կարող մահանալ,
եթե անգամ ողբերգուներից միայն մեկն է մնում՝
նրան ողջ պահելու համար։
Դանիէլ, բանաստեղծի ժամանակը
շարժվում է ուղիղ գծով,
անգամ բանաստեղծը պիտի քայլի
մինչև ժամանակի ավարտը,
Նրա կյանքը ժամացույց է,
որի սլաքները
կարող են շարժվել միայն
իր ընթերցողների հուշերում,
ու ձայներում բանաստեղծի։
«Սարսուռներ», «Ցեղին սիրտը»,
«Հեթանոս երգեր», «Հացին երգը».
Մենք ունենք քո բոլոր գրքերը,
և դրանք էլ չեն կարող կորչել։
Դանիէլ, թե տեսնում եմ քո դեմքը
միայն տողերումդ,
քո ձայնը լսում եմ ամենուր.

«Մերկ ըլլաս դուն բանաստեղծի մ’հոգվույն պես,
Եվ հեթանոս այդ մերկությանդ ներքև
Տառապի՛ մարդն, ու չըկրնա դպչիլ քեզ»։

Դանիէլ, մեր բանաստեղծները կարող են
հասկանալ առանց տեսնելու,
ունկնդրել առանց լսելու,
զգալ առանց դիպչելու,
հոտոտել առանց շնչելու,
համտեսել առանց ուտելու։
Ուրեմն, թող ուրացողն ասի,
թե այլևս չի կարող համտեսել
մեր դառնությունը,
որովհետև ժամանակը
կորցրել է նրա համը։
Մեր բանաստեղծները
կշնորհեն նրան շան հոտառություն։
Թող ասի, թե չի կարող հոտոտել
մեր արյունն այլևս,
Որովհետև անապատի արևն այն
ավազի է վերածել,
Նրան գայլի քիթ կտան։
Թող ասի, թե այլևս չի կարող
զգալ մեր ցավը,
որովհետև մեր երեխաների մաշկը
բավարար ծեր չէ՝
դրա մասին հիշեցնելու համար։
Մեր բանաստեղծները կտան նրան
շամանի ձեռքեր։
Թող ուրացողն ասի, թե
մեր ճիչերն այլևս լսելի չեն,
որովհետև քամին է քշել դրանք,
և մեր բանաստեղծները կտան նրան
չղջիկի ականջներ։
Թող ասի, թե չի հասկանում՝
ինչու ենք մենք զրուցում մեր զոհերի հետ,
և կտան նրան հոգևոր աչք։
Դանիէլ, մեր բանաստեղծները
քո հետքերով են.

«Վա՛ղը եկուր… պիտի ես
Շիրմիս մեջեն, իբրև հաց
Քերթողի սիրտս այդ մախաղիդ մեջ ձըգեմ.
Քերթողի սիրտս արյունդ, արյունն որբերուդ
Պիտի ըլլա ո՛րքան որ Վիշտըդ ապրի…
Վաղը եկուր գերեզմնոց, ո՛վ Անոթի»։ 

Դանիէլ, հարցնե՞մ կրկին,
թե որն է բանաստեղծի արյան արժեքը.
ո՞րն է նրա գինը, թէ ունակ է
մի ամբողջ ազգի կերակրելու։
Այս հարցն ամենից ուժեղ զենքն է,
որն ունենք,
ու ես շարունակելու եմ հարցնել,
անգամ երբ ավարտվի
այս բանաստեղծությունը։
Նրանք ուզում են պատմությու՞ն։
Մենք կտանք նրանց
բանաստեղծություններ անցյալից։


Նրանք ուզում են հաշվե՞լ մարմինները։
Մենք կտանք նրանց հազարավոր աբակուսներ՝
զոհերի ոսկորներից պատրաստված։



Ես անարգու՞մ եմ թրքությունը,
երբ խնդրում եմ կարդալ
մեր արյունոտ տողերը։
Թող պատմությունը որոշի։
Ես անարգու՞մ եմ թրքությունը,
թե ցույց եմ տալիս նրանց այդ
հազարավոր աբակուսները
 ու խնդրում մարմինները հաշվել։
Թող պատմությունը որոշի։


Նրանց այդքան շա՞տ է պետք պատմությունը։
Մեզ նույնպես է պետք։
Նրանք ուզում են անարգե՞լ մեզ.
մենք կպատաախանենք նրանց անարգանքով։
Նրանք ունե՞ն Հոդված 301,
Լավ, մենք ունենք Հոդված 302.
«Հայությանը վիրավորելը Ցեղասպանության ժխտմամբ»։
Դանիէլ, մենք մեղավո՞ր ենք։
Մեղավո՞ր ենք, որ առաջարկում ենք ընդունել
նրանց զղջումը, երբ նրանք չեն էլ ուզում
ներողություն խնդրել։
Ի՞նչ են նրանք ուզում մեզնից, Դանիէլ։
Մենք պատրաստ ենք տալ ամեն բան,
բացի մեր լռությունից։
Մենք պատրաստ ենք
սեղմելու նրանց ձեռքը
ապագայում, անգամ վաղը,
եթե նրանք ակնարկեն
թեկուզ զղջման հնարավորության մասին։
Բայց չէ, նրանք ուզում են շարունակ նայել ետ,
Նրանք անցյալով են համակված,
նրանք պատմություն են ուզում։
Լավ, թե  այդպես մոլեգին են ուզում դա,
Կտանք։

«Նրանք հեռացրել են արական բնակչությանը դաշտերից և դրանով քանդել նրանց գյուղատնտեսական համայնքները։ Նրանք ոչնչացրել ու տեղահանել են հայ բնակչության երկու երրորդին ու դրանով զրկվել շատ կիրթ ու օգտակար ազգից»։
Հենրի Մորգենթաու, գրված Ռոբերտ Լեսինգին, 4 նոյեմբեր, 1915, Կ.Պոլիս։ Պարոն Լեսինգին է հասել դեկտեմբերի 1-ին։

«Ազգի բնաջնջման այսպիսի մեծածավալ փորձը տարբեր հաշվարկներով գնահատվել է 500.000-ից մինչև ավելի քան մեկ միլիոն: Զոհերի ընդհանուր թիվը
մոտ 800.000 է: Նրանց ոտքով քշում են կիզիչ արևի տակ, խլում հագուստը և այն քիչ իրերը, որ ունեին, սվինահարում էին, եթե հանկարծ հետ էին մնում: Սովամահությունը, տիֆն ու դիզենտերիան հազարավոր դիակներ են թողել այդ ճանապարհներին: Նրանց սննդակարգն էր մեկ ֆունտ հաց օրումեջ, այն դեպքում, երբ շատերը դա էլ չէին ստանում, և հետո իրենց հետ տված զանգվածի օրական չափաբաժինը նրանց մեկնած ձեռքերում միակ ուտելիքն էր: Շատերը մեռնում էին ծարավից կամ սպանվում էին ճանապարհին հանդիպած գետակներում ծարավը հագեցնելու փորձերի համար: Մեծ թվով հայերի սպանել են վայրենի քրդերը, ումից պաշտպանելու ոչ մի փորձ թուրք զինվորները չեն կատարել»։
Գեներալ Հարբորդի զեկույցը՝ վերցված Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի արխիվներից։

«Նախորդ ելույթներում արտահայտված ցանկացած կասկած առ այն, թե կառավարության՝ հայերին տեղահանելու մտադրությունն անցել է, և որևէ հույս, թե գուցե լինեն ողջ մնացած վերապրողներ, հիմքեր չունեն։ Գաղտնիք չէ, որ նրանց նախագիծն էր վերացնել հայերին՝ որպես ազգի, բայց մեթոդները, որոնք կիրառեցին, ավելի սառնարյուն էին ու բարբարոս, եթե ոչ ավելի արդյունավետ, քան ես ակնկալում էի սկզբում»։
Լեզի Դևիս, ամերիկյան հյուպատոս Խարբերդում։

«Հայերի սպանությունը վերածվել էր սպորտի։ Մի թուրք տիկին, որն անցնում էր այդ քարավաններից մեկի կողքով, ենթադրելով, թե ինքն էլ մեծ բավականություն կստանար հայի սպանելուց, պահակախմբի հրավերով վերցրեց ատրճանակն ու կրակեց առաջին պատահած դժբախտին։ Ոչնչացման ամբողջ քաղաքականությունը գերազանցում է վրդովմունքի հնարավոր առավելագույն քանակը։ Այն համակարգված էր իր աննախադեպ դաժանության արտահայտումներում  անգամ այն տարածքներում, որտեղ կոտորածի մեջ մեղադրվում են քրդերը, ովքեր հրահրված էին կառավարության կողմից։ Դրա սարսափներն անհավատալի կլինեին, եթե չլինեին համընդհանուր վկայությունները։ Դիտավորյալ դաժանությունն ու մսագործությունը ուղղակի աննախադեպ են։ Թուրքերը կամավոր կերպով ոչնչացրին իրենց երկրի տնտեսական հարստության ամենամեծ աղբյուրը։ Այս հալածանքները խելագարություն են. ե՞րբ է այլ օր գալու։ Եթե այդ օրը մոտ է, դեռ պետք է փրկել այս թշվառ համայնքի մնացորդները»։
Լյուիս Այնշթայն, ամերիկյան ժամանակավոր հավատարմատար։ Վերցված է նրա «Կոստանդնուպոլսում» գրքից (դիվանագետի օրագիրը Դարդանել այցելելու ընթացքում), ապրիլ֊սեպտեմբեր, 1915



«Հոլոքոստի դասերը, որին հայերի ցեղասպանությունն է նախորդել, և որին հաջորդել է կամբոջացիների ցեղասպանությունը, երբեք չպետք է մոռացվեն»։
ԱՄՆ նախագահ Ռ. Ռեյգան, 22 ապրիլ, 1981
(Հայտարարությունը վերցված է Ռեյգանի գրադարանի պաշտոնական կայքից, ասվել է Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը)։

«Այսօր մենք ցավով ենք հիշում մեկուկես միլիոն հայերին, ովքեր խոշտանգվեցին, սովամահ եղան ու մահապատժի ենթարկվեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ»։
Մոնրո Ֆրիդման, ԱՄՆ Հոլոքոստի հուշահամալիրի տնօրեն։ Մեջբերումը վերցված է 1980 թվականի ապրիլի 24-ի նրա ելույթից։


Պատմություն, պատմություն, պատմություն։
Ինչպե՞ս ենք հոգում պատմության համար։
Ի՞նչ ենք թողնում պատմությանը,
երբ պայքարում ենք հանուն ապագայի։
Թշնամին չի փորձում մոռացնել անցյալը,
որովհետև պատմությունն արդեն իսկ
փորագրված է թվանշային քարի ներսում,
ու վնաս չունի հին լուրերի մոռացումը,
եթե ինձ նման բանաստեղծը այդքան հեշտորեն
կարող է գտնել բանաստեղծությունները։
Ո՛չ, թշնամին այդ ճակատամարտը
վաղուց է տանուլ տվել.
նրանց առավել հուզում է մեզ
մեր ապագան մոռացնելը։
Դանիէլ, ապրողը ծերանում է,
և մեռյալն է պահպանում
հարատև երիտասարդություն։
Ո՛չ, մենք չենք վախենում պատմությունից.
Բանաստեղծները, որոնց սպանեցին,
երիտասարդ են այնքան, որքան էին։
կոտորված հղի կանայք
դեռ սպասում են երեխայի.
երեխաները, որոնց անապատ քշեցին,
մնացել են երեխաներ,
ու շարունակում են ջուր փնտրել։
Հայկականությունը,
որ փորձում էին մեռցնել,
հասցրել է վերադառնալ ու աճել
նման բույսերի,
որ աճում են անտառային հրդեհներից հետո։
Դանիէլ, ապագան ամենն է,
ինչ ունենք։
Մեր ապագան ճերմակ կռունկ է,
որ վերից նայում է մեզ,
Ու երբ ժամը գա,
փետուրները, որ անցյալն են կրում,
Կընկնեն երկնքից՝
Հիշեցնելով նրանց, ովքեր գալու են,
որ մենք եղա՛նք այստեղ։
Դա երջանկություն է, որ
դու պիտի զգացած լինեիր
քո երեխաների ծննդով,
և ես ավարտելու եմ
իմ բանաստեղծությունն այստեղ։

*************************************************************************

                                             Ամենուր հայկական նախախնամություն

Նրանք, ովքեր ազատորեն հերքում են այն,
ինչ պատմութունն է ցույց տալիս,
արդեն իսկ պարտվել են իրենք իրենց,
բայց մենք ավելի կարևոր անելիքներ ունենք,
Ու չեն սպառվելու մեր ջանքերը։
Նրանց թվում է՝ մենք դադա՞ր կառնենք։
104 տարի է՝ չենք կանգնել։
Դանիէլ Վարուժանն սպանվեց, ե
րբ 31 տարեկան էր։
31 տարին երկար կյանք չէ,
բայց երկար ժամանակ է՝
ինչ֊որ բանի համար պայքարելու։
Ես հավատում եմ, որ մինչև 2050թ.
ԱՄՆ դաշնային կառավարությունը կընդունի
Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ։
50 նահանգներից 49-ը ճանաչել են այն
պետական մակարդակով։
Ես հավատում եմ, որ մինչև 2050թ.
Մերձավոր Արևելքի վիճակը կկայունանա,
և անհրաժեշտություն չի լինի Թուրքիայի հետ
ամուր հարաբերություններ պահելու՝
ռազմաբազաներ մուտք գործելու նպատակով։
Հայերը պիտի իրատես լինեն,
զի քաղաքականությունն ավելի խիտ է,
քան արյունը,
Եւ ԱՄՆ֊ն իր շահերն ունի դրսում։
Միաժամանակ, ես հավատում եմ,
որ Միացյալ Նահանգները հետապնդում է
արդարության պահպանումը,
որովհետև որպես ժողովրդավար՝
ստանձնել է այդ պարտավորությունը։
 Ոչ որպես բեռ, որ պիտի կրի, այլ որպես
փայփայելի ու անպիղծ պարտականություն։
Ես հավատում եմ, որ Միացյալ Նահանգները
բարենպաստ կգործի մեր անունից,
որովհետև նա արդեն իսկ փորձել է անել դա
ավելի աննպաստ պայմաններում,
ինչպես 2007-ին Ադամ Շիֆֆը
Միացյալ Նահանգների 110-րդ կոնգրեսի ժամանակ,
որտեղ այն հասավ պալատի
արտաքին հարաբերությունների հանձնաժողովին,
բայց երբեք չհասավ տան հատակին։
Որպես սենատոր՝ Օբամայի կողմից
«ցեղասպանություն» բառի օգտագործումը 2008-ին
և նրա չիրականացրած խոստումը՝
կրկնելու այդ բառը արդեն որպես նախագահ,
պիտի դիտվի պակաս պարսավելի,
որովհետև Օբաման ճանաչեց իրադարձությունը,
բայց չկարողացավ անել դա որպես նախագահ։
Այո, քաղաքականությունն ավելի խիտ է,
քան արյունը, բայց նրան նույնպես սպասելու ենք։
Մինչ այդ նկատելու ենք Օբամայի 2008-ի ակնարկը՝
նախագահի անունից.
«Ես հետևողականորեն պնդել եմ իմ տեսակետը
1915 թվականին կատարվածի մասին
և այդ պատմության վերաբերյալ
իմ կարծիքը չի փոխվել»։

Դանիէլ, անցյալը բարի չէր մեր հանդեպ,
բայց ապագան չի լինելու այդպիսին։
Մենք պայքարել ենք 104 տարի՝
քո մահից սկսած,
Եւ դեռ կարող ենք պայքարել
104 ու ավելի տարիներ։

**********************************************************************

Հարգանքի տուրք Ֆրանց Վերֆելին ու Վասիլի Գրոսմանին

«Այս գիրքը հղացվել է 1929թ. մարտին, Դամասկոսում գտնվելուս ընթացքում։ Աղախին վերցված կամ գործարաններում աշխատող փախստական ու սոված երեխաների թշվառ տեսքը վերջնական ազդակը եղավ ինձ համար հայ մարդկանց 
անհասկանալի ճակատագիրը կատարված դժոխքից խլելու համար»։
Ֆրանց Վերֆել, «Մուսա լեռան 40 օրը», նախաբան, 1933

(Ֆրանց Վերֆելը հայ֊ֆրանսիական համայնքի ներկայացուցիչների հետ): 

«Իմ կյանքում երբեք չեմ խոնարհվել։ Ես երբեք գետնատարած չեմ փռվել որևէ մեկի առաջ։ Հիմա, սակայն, ես խոնարհվում եմ հայ գյուղացիների առաջ, ովքեր գյուղական հարսանիքի ընթացքում հրապարակավ խոսեցին Հիտլերի կազմակերպած հրեաների հոգեվարքի մասին, մահվան ճամբարների մասին, որտեղ նացիստները սպանեցին հրեա կանանց ու երեխաների։ Ես խոնարհվում եմ բոլոր նրանց առաջ, ովքեր լուռ, տխրորեն ու հանդիսավոր կերպով լսեցին այս ելույթը»։
Վասիլի Գրոսման, «Հայկական նոթեր», 1962

Վասիլի Գրոսմանը(աջից երկրորդը) Ծաղկաձորում, տեղացիների հետ, 1961։

***********************************************************************

                                                     Ծանոթագրություններ

[1] https://www.theaustralian.com.au/arts/review/geoffrey-robertson-puts-the-case-against-turkey-for-1915-armenian-genocide/news-story/282b552190b96a4a5a17bf38d447af57,

[2] https://www.theguardian.com/world/2009/nov/03/armenia-genocide-denial-britain

[3]
https://m.huffpost.com/us/entry/us_344794?test_ad=readmo_test

[4]
https://www.independent.co.uk/voices/comment/its-pure-sophistry-that-stops-britain-recognising-the-armenian-genocide-10199118.html

*************************************************************************

Շնորհակալ եմ եղբորս՝ Արթուր Հովհաննիսյանին՝ խմբագրման աշխատանքների ու վերջաբանի գաղափարի համար։
֊Ամեն մարդ հեղափոխական է, քանի դեռ չի գալիս հեղափոխությունը։
Արթուր Հովհաննիսյան



Դավիթ Գարյան/David Garyan